ՀԱԷԿ-ը պատրաստվում է Եվրամիության սթրես թեստին

Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի սթրես թեստի բարձր մակարդակով անցկացումը հնարավորություն կտա շարունակել դրա հետագա շահագործումը և Եվրամիությունից ստանալ համապատասխան տեխնիկական աջակցություն անվտանգության բարձրացման հարցում: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը:Ըստ նրա՝ ներկայում ԱԷԿ-ի անձնակազմը պատրաստում է Եվրամիության կողմից առաջարկված սթրես թեստի  հարցերի պատասխան-վերլուծությունը:

Եվրամիությունը համաձայնել է հայկական կողմին տրամադրել համապատասխան օգնություն՝  սթրես թեստի հարցերի պատասխան-վերլուծություն փաստաթղթի պատրաստման հարցում: Հայաստանյան մասնագետները կմասնակցեն ԵՄ միջուկային էներգաբլոկների սթրես թեստի քննարկումներին: Սթրես թեստի հարցերի պատասխան-վերլուծություն վերջնական փաստաթուղթը կներկայացվի ՀՀ Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի քննարկմանը, իսկ 2012թ. 2-րդ եռամսյակում այն կներկայացվի ԵՄ մասնագետների քննարկմանը:

Համաձայն ԵՄ-ի կողմից սթրես թեստի հարցերի պատասխան-վերլուծություն փաստաթղթի վերաբերյալ արված դիտողությունների և առաջարկությունների՝ ՀԱԷԿ-ի կողմից կմշակվի միջոցառումների իրականացման պլան-ժամանակացույց, որը կհաստատվի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ու ՀՀ Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարությամբ 2011թ. միջուկային տեղակայանքների անվտանգության գծով փորձագետների միջազգային խումբն անցկացրել է ՀԱԷԿ-ի ստուգում՝ գնահատելու անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը: Փորձագետների միջազգային խումբը նշել էր որոշ դրական միջոցառումներ, ինչպես նաև դրանք ամրապնդելու մի շարք հանձնարարականներ: