Տեխնոքաղաքը՝ երեք տարի անց

Կառավարությունն այս տարի ավելի քիչ գումարներ կփոշիացնի ԳյումրիումԿառավարությունը պետբյուջեի միջոցներից Գյումրին տեխնոքաղաք դարձնելու գաղափարի իրականացման համար  վերջին երեք տարում ներդրել է շուրջ $1,5 մլն և վերջապես կարծես հասկացել է, որ դա ուտոպիստական գաղափար է։ Բայցևայնպես շարունակում է պետբյուջեի միջոցներով «Գյումրիի տեխնոպարկի գործունեության իրականացման» ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության ապրիլի 5-ի նիստին հաստատման է ներկայացնելու «Գյումրիի տեխնոպարկի գործունեության իրականացման 2012թ. ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։

Կառավարությունն ամեն տարի կրճատում է Գյումրիի տեխնոպարկի պետական ֆինանսավորումը։ Եթե Գյումրիի տեխնոպարկի գործունեության իրականացման 2010թ. ծրագրին պետբյուջեից ուղղվել էր ֌200 մլն, ապա անցած տարի պետական ֆինանսավորումը կրճատվել էր 12%-ով։ Այս տարի էլ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տեխնոպարկին պետբյուջեից ուղղել ֌163 մլն կամ 8%-ով քիչ, քան անցած տարի։

Էկոնոմիկայի նախարարության ծրագրի նախագծից երևում է, որ պետական միջոցների հիմնական մասը ծախսվելու է երկու ուղղությամբ՝ մոտ ֌60 մլն տրամադրվելու է նորարարություններին ու ժամանակակից տեխնոլոգիաների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացմանը, մոտ ֌50 մլն՝ տեխնոպարկի գործունեության կառավարմանը (Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամին): Ընդ որում՝ այդ միջոցների 85%-ը աշխատավարձերն են։

Թեև ֌60 մլն-ի ծախսային հոդվածը բավական հնչեղ է՝ «Նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների աջակցությանն ուղղված ծրագրեր», այդ միջոցները պարզապես ուղղվելու են պետության մասնակցությամբ նոր ընկերությունների հիմնման ճանապարհով մրցութային եղանակով ընտրված ճարտարագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների չորս բիզնես գաղափարների ֆինանսավորմանը:

֌19,4 մլն-ով ներգրավել ֌20 մլնՈւշագրավ է, որ Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամի պահպանմանը 2,5 անգամ ավելի գումար է հատկացվում, քան բիզնեսի զարգացմանը (նախատեսվում է ծախսել ֌19,4 մլն)։ Բիզնեսի զարգացման նպատակով նախատեսվում է աջակցություն տրամադրել Գյումրի քաղաքում տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացմանը՝ մասնավորապես իրականացնելով տեխնոլոգիական ընկերությունների «ինկուբացիա»:

Բիզնեսի զարգացումն Էկոնոմիկայի նախարարությունը տեսնում է պետական և միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններին, Սփյուռքի կազմակերպություններին ծրագրի համաֆինանսավորման առաջարկների մշակման, շնորհանդեսների, զեկույցների, բրոշյուրների մշակման և ներկայացման մեջ։ Այս ամենի արդյունքում ակնկալվում է տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման նպատակով երեք պայմանագրերի կնքում՝ առնվազն ֌20 մլն-ի չափով, այլ աղբյուրներից լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում։

Այդքան էլ վատ չէ. պետական բյուջեից նախատեսվում է ծախսել ֌19,4 մլն, որպեսզի ներգրավվի ֌20 մլն։Անհասկանալի է, թե ինչու մի կողմից, ըստ ծրագրի, Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամի կառավարման համար նախատեսվում է ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, բայց մյուս կողմից՝ քաղաքում տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացման համար նախատեսվում է վարձել փորձագետներ։

Նշենք, որ անցած տարի Գյումրիի տեխնոպարկում ընդհանուր առմամբ ծախսվել են ֌176 մլն-ի պետական միջոցներ, իսկ Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամն իրականացման փոքր ծրագրերի արդյունքում ստեղծել է 20 աշխատատեղ: Փաստացի՝ մեկ աշխատատեղը պետբյուջեի վրա արժեցել է ֌8,8 մլն։

Երեք տարի անց2008թ. դեկտեմբերին Գյումրիում տեխնոքաղաքի բիզնես մոդելի շնորհանդեսին էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանը հայտարարել էր, որ տեխնոպարկի գործունեության արդյունքները կառարկայանան հինգ տարի անց, իսկ այն լիարժեք կսկսի գործել 15 տարի հետո։ Երիցյանի ոգևորությունից արդեն անցել է երեք տարի, բայց Գյումրին տեխնոքաղաք կարծես չի ուզում դառնալ։

Ի դեպ՝ տեխնոպարկերի ստեղծման փորձ ունեցող մասնագետ, ազգությամբ իռլանդացի Քևին Թոմփսթոնն այն ժամանակ ասել էր, որ որպեսզի Գյումրիի տեխնոպարկի գաղափարը իրականություն դառնա, այնտեղ առաջիկա հինգ տարում անհրաժեշտ կլինի ներդնել $55 մլն։

Փաստացի, Գյումրին տեխնոքաղաք դարձնելու գաղափարի ներկայացումից արդեն երեք տարի է անցել, բայց ներդրումների ծավալը պահանջվածի ընդամենը 3%-ն է կազմել։ Սա նշանակում է, որ այս գաղափարի համար պետական միջոցների ներդրումը ավելի շուտ դրանց փոշիացում է։