Չորրորդն ավելորդ է

Ըստ ռուսաստանցիների՝ Պուտինի երրորդ ժամկետը պետք է վերջինը լինիՌուսաստանցիները ոչ միայն ավելի շատ ազատություն են ուզում, այլև ցանկանում են, որ Վլադիմիր Պուտինի նախագահական նոր ժամկետը վերջինը լինի Ռուսաստանի համար, վկայում են մոսկովյան «Լևադա» վերլուծական կենտրոնի տվյալները։ Համաձայն հարցումների՝ ռուսաստանցիների մեծ մասը՝ 43%-ը, ցանկանում է, որ վեց տարի հետո նախագահի պաշտոնում Պուտինին փոխարինի մեկ այլ քաղաքական գործիչ։ Ընդ որում՝ հարցվածների միայն 6%-ն է ցանկանում, որ նրան կրկին Դմիտրի Մեդվեդևը փոխարինի։

Պուտինի ևս մեկ նախագահական ժամկետին դեմ չէ հարցման մասնակիցների 17%-ը, 34%-ն առայժմ չի կողմնորոշվել այս հարցում։Ընդ որում՝ ռուսաստանցիների 53%-ը կարծում է, որ երկրում իշխանության փաստացի կենտրոնացումը Վլադիմիր Պուտինի ձեռքում ավելի շուտ Ռուսաստանի բարօրության օգտին է. 2004թ. նախագահական ընտրություններից հետո այս ցուցանիշը 68% էր։ Հարցվածների 39%-ը համարում է, որ լինում են դեպքեր, երբ երկրում անհրաժեշտ է իշխանությունը կենտրոնացնել մեկ ձեռքում։ Եվս 35%-ը վստահ է, որ «ռուս ժողովրդին միշտ ուժեղ ձեռք է հարկավոր»։ Այդուհանդերձ, հարցվածների 22%-ը կտրականապես դեմ է, որ իշխանությունը փոխանցվի մեկ մարդու։

Այսպիսով՝ մեկ տարվա ընթացքում ավտորիտար վարչակարգի համախոհների թիվը ռուսաստանցիների շրջանում նվազել է 13%-ով։ 57%-ից մինչև 35% նվազել է նաև այն քաղաքացիների թիվը, որոնք կոչ են անում «ձգել պտուտակները» և ավելի կոշտ վերաբերվել ցանկացած կամայականության քաղաքական ու տնտեսական կյանքում։ Ավելի շատ ռուսաստանցիներ են պահանջում (48%-ը՝ նախկին 34%-ի փոխարեն) մարդկանց իրենց գործով զբաղվելու ազատություն տալ, իսկ իշխանություններին հորդորում են միայն հետևել, որ օրենքները չխախտվեն։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 68%-ը, կարծում է, որ Պուտինն իր գործողությունները պետք է քննարկի հասարակության լայն շրջանակների, բողոքի շարժումների ներկայացուցիչների, ընդդիմության առաջնորդների հետ։ Դեմ է 17%-ը։Ռուսաստանցիների 65%-ը վստահ է, որ նախագահական երրորդ ժամկետի ընթացքում Պուտինը կշարունակի նույն քաղաքականությունը, որն իրականացրել է վերջին 12 տարիներին (մեկ ամիս առաջ այսպես էր կարծում 76%-ը)։ 52%-ը փոփոխություն չի ակնկալում նախագահական թիմում, իսկ 32%-ը հույս ունի, որ նախագահի շրջապատը լուրջ վերանայման կենթարկվի։

Ընդ որում՝ հարցվածները կասկածում են, որ Պուտինը կկատարի իր նախընտրական խոստումները։ Հարցման մասնակիցների 25%-ը կարծում է, որ իրադարձությունների անգամ ամենաբարենպաստ զարգացման պայմաններում երկրի տնտեսությունն ի վիճակի չի լինի ապահովել խոստումների իրականացումը։ Ռուսաստանցիների 21%-ը պուտինյան նախաձեռնությունների սաբոտաժի մեղքը պատրաստ է բարդել կոռումպացված պաշտոնյաների վրա, 22%-ը ամենևին էլ չի ակնկալում, որ Պուտինը պատրաստվում է կյանքի կոչել դրանք, 22%-ն էլ ասում է, որ խոստումների կատարմանը կարող են խանգարել միայն օբյեկտիվ հանգամանքները, օրինակ՝ ճգնաժամի նոր ալիքը։

Մեկնաբանել