Լիբիան դեռ զգացնել է տալիս

Տուարեգները կիսում են Մալին, խռովարարները՝ վերականգնում սահմանադրական կարգըԵրկուշաբթի Սենեգալում տեղի է ունեցել «Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցության» գագաթաժողովը։ Միության անդամ երկրների ղեկավարները քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Մալիի զինվորական խունտայի նկատմամբ, որը մարտի 22-ի հեղաշրջման արդյունքում զավթել է իշխանությունը երկրում։ Էմբարգոն վերացվելու է միայն Մալիում սահմանադրական կարգի վերականգնման դեպքում, հայտարարել է Կոտ դ՚Իվուարի նախագահ և «Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցության» ղեկավար Ալասան Ուատարան՝ հավելելով, որ ռազմական ուժերը մարտական պատրաստվածության վիճակի են բերվել։

Փորձելով խուսափել տնտեսական բլոկադայից՝ զինվորական խունտայի ղեկավար կապիտան Ամադու Սանոգոն կիրակի խոստացել էր երկրում վերականգնել սահմանադրական կարգն ու պետական ինստիտուտների գործունեությունը։

Սահմանադրական կարգը կհամարվի վերականգնված, եթե Մալիում իշխանության վերադառնա պաշտոնանկ արված նախագահ Ամադու Թումանի Թուրեն։ Սակայն զինվորականները կարող են օգտվել Սահմանադրության համապատասխան հոդվածից, ըստ որի՝ պետության ղեկավարի՝ իր լիազորությունները կատարել ի վիճակի չլինելու դեպքում սահմանվում է անցումային շրջան՝ 25-45 օր տևողությամբ, ու ձևավորվում ժամանակավոր կառավարություն։ Այն պետք է գլխավորի խորհրդարանի նախագահը՝ այս դեպքում Դիոնկունդա Տրաորեն։

Խունտան պնդում է, որ Թուրեն ունակ չէ կարգավորելու ճգնաժամը Մալիի խռովարար հյուսիսում, որտեղ ապստամբել են տուարեգների ցեղերը։ Հիշեցնենք՝ սա երկրում զինվորականների խռովության հիմնական պատճառն էր։

Սակայն ռազմական հեղաշրջումից հետո իրադրությունը միայն վատթարացել է։ Օրերս տուարեգները գրավել են հնագույն Տիմբուկտու քաղաքը՝ Մալիի հյուսիսի ու հյուսիս-արևելքի կարևոր բնակավայրերից վերջինը։ Ավելի վաղ նրանք գրավել էին Կիդալ քաղաքը, իսկ շաբաթ օրը՝ Գաոն, որտեղ գտնվում է երկրի հյուսիսային շրջանի խոշորագույն ռազմաբազան։ Այսպիսով՝ արևմտաաֆրիկյան այս պետությունը փաստացի բաժանվել է երկու մասի՝ հյուսիսի ու հարավի։

Տուարեգների այս ապստամբությունը թվով չորրորդն է Մալիում՝ 1960թ. անկախության ձեռքբերումից հետո։ Այս անգամ տուարեգներին ճնշելը շատ ավելի բարդ է լինելու։ Ներկայիս ապսամբությունը սպառնում է ոչ միայն Մալիին, այլև տուարեգների բնակության մյուս բոլոր պետություններին։ 5-միլիոնանոց քոչվոր այս ժողովուրդը, չունենալով սեփական պետությունը, ապրում է Մալիի, Նիգերի, Բուրկինա-Ֆասոյի, Ալժիրի ու Լիբիայի տարածքում։ Մեծ հավանականությամբ կարելի է կանխատեսել, որ Մալիից հետո հաջորդը Նիգերն է լինելու։

Նշենք, որ տուարեգների խոշոր մի շարք տոհմեր անցյալ տարի կռվում էին ի պաշտպանություն Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի։ Գնդապետի վարչակարգի տապալումից հետո նրանք լիբիական սահմանով անցան հարևան երկրներ։ Այժմ տուարեգներն ունեն ոչ միայն մարտական փորձ, այլև բավարար քանակության զենք, որը որոշել են օգտագործել սեփական պետություն ստեղծելու համար։ Մալիում ապստամբության ղեկավարումն իր վրա է վերցրել «Հանուն Ազավադի (Ազավադը տուարեգների բնակության շրջանի անվանումն է) ազատագրման շարժում» խմբավորումը։

Մեկնաբանել