Սերբիայի նախագահը լքում է պաշտոնը

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հայտարարել է իր հրաժարականի և պետության ղեկավարի վաղաժամ ընտրությունների անցկացման մասին։ Դրանք տեղի կունենան միաժամանակ խորհրդարանական և տեղական ընտրությունների հետ՝ մայիսի 6-ին, և Տադիչը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը։ Նրա հաղթանակը կասկած չի առաջացնում։ Նման քայլը սերբ քաղաքական գործչին թույլ կտա սեփական ժողովրդականությունն օգտագործել՝ հօգուտ Դեմոկրատական կուսակցության վարկանիշի բարձրացման, որը վերջին շրջանում չի վայելում ընտրողների սերը։

«Ես որոշել եմ հրաժարական տալ, որպեսզի պետության ղեկավարի ընտրություններն անցկացվեն մայիսի 6-ին»,- հայտարարել է Բորիս Տադիչը։ Նրա խոսքով՝ այդ քայլը թույլ կտա խնայել ընտրությունների համար անհրաժեշտ բյուջետային միջոցները։

Սերբիայի նախագահի՝ իր պաշտոնը թողնելու մասին լուրերը Բելգրադում սկսեին պտտվել այս շաբաթվա սկզբին։ Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ նրա գլխավորած Դեմակրատական կուսակցությունը ոչ այնքան բարձր վարկանիշներ է արձանագրում սոցկարցումներում։ Մինչդեռ ինքը՝ Տադիչը, վայելում է ընտրողների զգալի աջակցությունը։

«Ես առաջարկում եմ եվրոպական ինտեգրացիայի և երկրի ամբողջականության պահպանման ուղի»,- հայտարարել է նա։ Ընդ որում՝ Տադիչը ընդգծել է, որ Բելգրադը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Դրա հետ մեկտեղ Բրյուսելը Սերբիայի անդամակցությունը Եվրամիությանը ուղղակի կապում է Բելգրադի՝ Կոսովոյի նկատմամբ դիրքորոշումը մեղմելու հետ՝ ընդհուպ մինչև լիակատար ճանաչում։ Մի շարք զիջումների Տադիչն արդեն իսկ գնացել է, ինչը քննադատության տեղիք է տվել երկրի ներսում։

Այդուհանդերձ, Բորիս Տադիչը վստահ է, որ հաղթելու է պետության ղեկավարի վաղաժամ ընտրություններում, որոնց մասնակցելու մասին արդեն հայտարարել է նվազագույնը 5 մարդ։

Մեկնաբանել