Kraft Foods-ի նախագահը $22 մլն է վաստակել զանգվածային կրճատումների հաշվին

Սննդամթերքի համաշխարհային երկրորդ խոշոր արտադրող Kraft Foods կորպորացիայի նախագահ Այրին Ռոզենֆելդը 2011թ․ վաստակել է $21,9 մլն, ինչը 13,5%-ով գերազանցում է նախորդ տարվա նրա եկամուտը, գրում է բրիտանական The Times-ը։ Ընկերությունում Ռոզենֆելդի աշխատավարձի բարձրացումը պայմանավորում են «ծախսերի կրճատմանն ուղղված ծրագրի որակյալ կյանքի կոչման համար»։

Ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում Ռոզենֆելդն աշխատանքից հեռացրել է Kraft Foods-ին պատկանող Cadbury ընկերության աշխատակազմի զգալի մասին։ Cadbury-ի՝ երեք քաղաքներում գտնվող գործարաններում կատարված կադրային կրճատումների հաշվին Ռոզենֆելդի ընկերությունը $750 մլն է վաստակել։ Նշենք, որ Kraft Foods-ը Cadbury-ն ձեռք է բերել 2010թ․ $19,7 մլրդ-ով։

Kraft Foods-ի արհմիությունը բավական կոշտ է արձագանքել Ռոզենֆելդի պարգևավճարների մասին լուրին։ «Cadbury-ի աշխատակիցները հեռացվել են աշխատանքից՝ հանուն մենեջերների և բաժնետերերի եկամուտների։ Այսպիսի բոնուսները չափազանց մեծ են և տնտեսական տեսանկյունից անիմաստ են դարձնում աշխատակիցների կրճատումը»,- հայտարարել են արհիմությունում։

Cadbury-ն Մեծ Բրիտանիայում շոկոլադե կոնֆետների արտադրությամբ զբաղվող հնագույն ընկերություններից է։ Նրա՝ Անգլիայի, Լեհաստանի և ԱՄՆ-ի գործարաններում աշխատում է ավելի քան յոթանասուն հազար մարդ։ Ընկերության հայտնի առևտրանիշներից են Picnic, Cadbury շոկոլադները, Halls սառնաշաքարները, Dirol, Stimorol մաստակները։ Kraft Foods-ի կողմից կլանվելուց հետո Cadbury-ի աշխատակազմի երեք քառորդը հեռացվել է աշխատանքից։

Cadbury-ի հետ հաջող գործարքի շնորհիվ ամերիկյան Fortune հեղինակավոր հանդեսը ԱՄՆ-ի 50 ամենաազդեցիկ բիզնես լեդիների ամենամյա վարկանիշի առաջատար էր ճանաչել Kraft Foods-ի նախագահ Այրին Ռոզենֆելդին։

Ապրիլի 3-ին սննդամթերքի խոշոր արտադրողների շարքում Kraft Foods-ն առաջինն է հրապարակել 2011-ի տարեկան հաշվետվությունը, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը։ Ընկերության եկամուտն աճում է երկրորդ տարին շարունակ, և ըստ 2011-ի տվյալների համաձայն՝ այն կազմել է $18,7 մլրդ։

2011թ. վերջին Ռոզենֆելդը հայտարարել էր, որ Kraft Foods-ը երկու մասի կբաժանվի։ Առաջին կառույցը կհամախմբի շոկոլադի, սնեքների և նախուտեստների, իսկ երկրորդը՝ սննդամթերքի արտադրության՝ մակարոնի, պանրի, կարագի և սուրճի արտադրության ակտիվները։

Մեկնաբանել