ԵԿԲ նախագահ․ եվրոգոտուն զուսպ աճ է սպասվում

Եվրոգոտուն զուսպ աճ է սպասվում, հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին բանկի նիստի ավարտին, որի ընթացքում որոշում է ընդունվել եվրոգոտու վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 1%։

«Աճը ցածր տեմպերով է կայունացել, ուստի տարվա ընթացքում չափավոր աճ է ակնկալվում»,- հայտարարել է Դրագին՝ հավելելով, որ թեև եվրոգոտու բանկային հատվածում իրադրությունն աստիճանաբար կայունանում է, սակայն դեռ վաղ է խոսել տնտեսության և ֆինանսական հատվածի աջակցությունից հրաժարման մասին։ Չի բացառվում նաև տարածաշրջանի տնտեսության աճ տեմպերի հետագա դանդաղումը, ասել է նա։

Դրագին հաստատել է նաև եվրոգոտու գնաճի՝ ավելի վաղ հայտարարված գնահատականը․ ընթացիկ տարում այն կգերազանցի նպատակային ցուցանիշը (2%), ընդ որում՝ գների բարձրացման հետագա ռիսկերը շարունակում են պահպանվել։ Կարգավորչի ղեկավարի կարծիքով՝ այսպիսի դինամիկան պայմանավորված է նավթի գների բարձրացմամբ։ 2013թ․ սկզբին ակնկալվում է գնաճի տեմպերի նվազում։

«ԵԿԲ-ն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները՝ գնային կայունությանը սպառնացող ռիսկերի վճռական հաղթահարման համար»,- հայտարարել է Դրագին։

Ներկայում ԵԿԲ-ն հարկադրված է սպասողական դիրք գրավել և հավասարակշռել եվրոգոտու խոշորագույն տնտեսության՝ Գերմանիայի ինֆլյացիայի աճն ու պարտքային ճգնաժամի դեմ պայքարելու անհրաժեշտությունը։