Ալ Ահրամ․ Ամր Մուսան՝ Եգիպտոսի նախագահի թեկնածուների առաջատար

Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար և Եգիպտոսի նախկին արտգործնախարար Ամր Մուսան առաջատար դիրքեր է զբաղեցնում Եգիպտոսի նախագահական ընտրությունների թեկնածուների շրջանում։ Այս մասին են վկայում եգիպտական «Ալ Ահրամ» պարբերականի հրապարակած հարցման արդյունքները։

Նախկին արտգործնախարարի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 31,5%-ը։ Սալաֆիականների թեկնածու Խազեմ Սալահ Աբու Իսմայիլի օգտին իր ձայնը պատրաստ է տալ հարցման մասնակիցների 22,7%-ը։ Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմադ Շաֆիկին աջակցում է ավելի քան 10%-ը։ Վերջինիս փոքր-ինչ զիջում է Եգիպտոսի Ընդհանուր հետախուզթյան նախկին ղեկավար Օմար Սուլեյմանը, որը դեռևս չի հաստատել ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը . նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 9,3%-ը։

Թերթը նշում է, որ հարցումն իրականացվել է նախքան «Մուսուլման եղբայներ»-ի թեկնածու Խայրաթ աշ Շատիրի առաջադրումը։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 94,5%-ը, հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին. այս ցուցանիշը զգալի գերազանցում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած մարդկանց  թիվը (մոտ 70%)։

Նախագահական ընտրությունների առաջին փուլը Եգիպտոսում նշանակված է 2012թ. մայիսի 23-24-ին։ Փորձագետները կարծում են, որ երկրորդփուլից դժվար կլինի խուսափել։