Տուարեգները դադարեցնում են ռազմական գործողությունները Մալիի հյուսիսում

«Հանուն Ազավադի (Ազավադը տուարեգների բնակության շրջանի անվանումն է) ազատագրման շարժում» խմբավորման ապստամբ տուարեգները հայտարարել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։

«Կապված հյուսիսային տարածքների լիակատար ազատագրման հետ, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային հանրության պահանջները, «Հանուն Ազավադի ազատագրման շարժում»-ը որոշել է միակողմանիորեն հայտարարել ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ սկսած հինգշաբթի կեսգիշերից»,- ասված է խմբավորման հայտարարությունում։

Նմանատիպ հայտարարություններ նույն խմբավորումը երեք օր առաջ էլ էր արել, սակայն արդյունքում տուարեգների գրաված Տիմբուկտու քաղաք էին ժամանել «Իսլամական Մաղրիբի երկրենրի «Ալ Կաիդա»»-ի գրոհայիններ՝ շարժումը հարավի ուղղությամբ շարունակելու մտադրությամբ։

Մարտի 22-ին հեղաշրջման արդյունքում Մալիում իշխանությունը զավթած զինվորականներն իրենց հերթին հայտարարել են, որ հետաձգում են լիազորությունները քաղաքացիական կառավարությանը փոխանցելու շուրջ խորհրդակցությունների սկսման ամսաթիվը։ Խորհրդակցություններին մասնակցելուց հրաժարվել էին երկրի առաջատար քաղաքական ուժերը։

Չնայած միջազգային հանրության՝ Մալիում սահմանադրական կարգի վերականգնման կոչերին՝ զինվորական խունտան իշխանությունից հրաժարվել մտադիր չէ։ Երկիրը փաստացի բաժանված է երկու մասի՝ հյուսիսի և հարավի։

Տուարեգները 5-միլիոնանոց քոչվոր ժողովուրդ են։ Չունենալով սեփական պետությունը՝ նրանք ապրում են Մալիի, Նիգերի, Բուրկինա-Ֆասոյի, Ալժիրի ու Լիբիայի տարածքում։ Տուարեգների խոշոր մի շարք տոհմեր անցյալ տարի կռվում էին ի պաշտպանություն Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի։ Գնդապետի վարչակարգի տապալումից հետո նրանք լիբիական սահմանով անցան հարևան երկրներ։ Այժմ տուարեգներն ունեն ոչ միայն մարտական փորձ, այլև բավարար քանակության զենք, որը որոշել են օգտագործել սեփական պետություն ստեղծելու համար։

Մեկնաբանել