ԱՄՀ-ն Պորտուգալիային €5,17 մլրդ վարկ կտրամադրի

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Պորտուգալիային ֆինանսական օգնության հերթական՝ չորրորդ տրանշը կտրամադրի՝ €5,17 մլրդ ծավալով, ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։ Ապրիլի 4-ին Եվրամիությունը, իր հերթին, պատրաստակամություն էր հայտնել Լիսաբոնին ֆինանսական օգնության չորրորդ փաթեթը հատկացնել՝ €9,7 մլրդ ծավալով։ Այսպիսով, Պորտուգալիային տրամադրվող միջազգային ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը կկազմի €14,9 մլրդ։

Լիսաբոնը միջազգային վարկատուներին օգնության խնդրանքով դիմել էր դեռ 2011թ. ապրիլի սկզբին՝ բանկային հատվածի խնդիրների և պետպարտատոմսերի եկամտաբերության մակարդակի բարձրացման ֆոնին։ Միջազգային վարկատուների եռյակը՝ Եվրամիությունը, ԱՄՀ-ն և Եվրոպական կենտրոնական բանկը, որոշում էին ընդունել մինչև 2014թ. Պորտուգալիային տրամադրել €78 մլրդ ֆինաջակցություն։ Ընդ որում՝ ԵՄ-ին բաժին էր ընկնելու €52 մլրդ-ը, իսկ ԱՄՀ-ին՝ €26 մլրդ-ը։ Պաշտոնական Լիսաբոնը, իր հերթին, պարտավորվել էր 2012թ. բյուջեի դեֆիցիտը կրճատել մինչև ՀՆԱ-ի 4,5%-ը, իսկ 2013թ.՝ մինչև ՀՆԱ-ի 3%-ը։ 2011թ. երկիրն արդեն կրճատել էր բյուջեի դեֆիցիտը 1,5 տոկոսային կետով։ 2010թ. այն կազմում էր ՀՆԱ-ի 9,8%-ը։

Ընդհանուր առմամբ, միջազգային վարկատուները դրական են գնահատում Պորտուգալիայի տնտեսության բարեփոխման գործընթացը։ Օրերս «եռյակը» համատեղ զեկույց էր հրապարակվել՝ նվիրված Լիսաբոն մեկնած հերթական առաքելության աշխատանքներին։ Զեկույցի համաձայն՝ Լիսաբոնը ֆինանսական շուկա կվերադառնա նախատեսված ժամկետներում, այն է՝ 2013թ.։

Հիշեցնենք, որ երեկ Պորտուգալիային լրացուցիչ ֆինանսական օգնության տրամադրման վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը՝ լիովին իրական համարելով Լիսաբոնին լրացուցիչ ֆինանսավորելու անհրաժեշտության հեռանկարը։