Մինսկը «ավիավերջնագիր» է ներկայացրել Մոսկվային

Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը, ըստ որի՝ ապրիլի 13-ից սկսած՝ ռուսական ավիափոխադրողներն օրական միայն չորս չվերթ կկարողանան իրականացնել դեպի Բելառուս, գրում է ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Մոսկվայի և Մինսկի միջև ընթացող բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրները։ Ավիաընկերությունները, սակայն, պաշտոնապես չեն հաստատել այս լուրերը։

Ներկայում ռուսական ավիաընկերություններն օրական հինգ չվերթ են իրականացնում Բելառուս։ Մոսկվան պետք է ընտրի, թե որ ավիաընկերությունը կկրճատի Բելառուս կատարվող չվերթների թիվը։ Այժմ «Աէրոֆլոտն» օրական երեք չվերթ է կատարում, իսկ «Յուտէյրը» և S7-ը (նախկինում՝ «Սիբիր»)՝ մեկական։

Ռուսաստանի և Բելառուսի միջև գործում է համաձայնագիր, որը ենթադրում է չվերթների թվի պարիտետ։ Մինսկից Մոսկվա չվերթներն իրականացնում է Բելբառուսի ազգային ավիափոխադրող «Բելավիան»։

Հիշեցնենք, որ մարտի վերջին Մինսկի և Մոսկվայի միջև տարաձայնություններ ծագեցին՝ կապված S7-ի՝ սեփական չվերթների թիվը ևս մեկով ավելացնելու մտադրության հետ։ Բելառուսը համաձայնել էր, սակայն փոխարենը պահանջել էր «Աէրոֆլոտի» չվերթների թիվը կրճատել մեկով։ Կողմերը չէին կարողացել արագ հարթել տարաձայնությունները, և մարտի 26-ին ավիահաղորդակցությունը նրանց միջև դադարել էր։ Ավելի ուշ չվերթները վերսկսվել էին մի քանի օր, ապա՝ կես ամիս ժամկետով։ Այս ընթացքում կողմերի միջև բանակցությունները չեն դադարել։

Մեկնաբանել