ԵԿԲ-ն չափավոր աճ է ակնկալում

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) երեկվա նիստից հետո բանկի նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, թե եվրոգոտու տնտեսությանը չափավոր աճ է սպասվում։ Կարգավորիչը եվրոգոտու վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 1% մակարդակում։

«Տնտեսության աճը կայունացել է ցածր մակարդակներում, ուստի տարվա ընթացքում չափավոր վերականգնում է ակնկալվում»,– հայտարարել է Դրագին՝ հավելելով, որ թեև եվրոգոտու բանկային հատվածում իրադրությունն աստիճանաբար կայունանում է, սակայն դեռ վաղ է խոսել տնտեսության և ֆինանսական հատվածի աջակցությունից հրաժարման մասին։ Բացի այդ՝ դեռ պահպանվում են տարածաշրջանի տնտեսության հետագա կրճատման ռիսկերը։

Դրագին վերահաստատել է նաև եվրոգոտում գնաճի՝ ավելի վաղ հնչեցված գնահատականը. ընթացիկ տարում այն կգերազանցի նպատակային 2% ցուցանիշը։ Ընդ որում՝ պահպանվում է գնաճի տեմպի արագացման ռիսկը։ ԵԿԲ ղեկավարի կարծիքով՝ այսպիսի դինամիկան պայմանավորված է նավթի բարձր գներով։ Այդուհանդերձ, 2013թ. սկզբին ակնկալվում է գնաճի տեմպի դանդաղում։ «ԵԿԲ-ն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները՝ գնային կայունությանը սպառնացող ռիսկերի վճռական հաղթահարման համար»,– հայտարարել է Դրագին։

Մեկնաբանել