Moody’s Analytics․ 2014թ․ ԱՄՆ-ում ՀՆԱ-ի աճը կկազմի 4%

2013թ. կեսին ԱՄՆ-ում ՀՆԱ-ի աճի տեմպերը տարեկան կտրվածքով կկազմեն 2,5%, իսկ 2014թ. կեսին՝ 4%, կանխատեսում է Moody’s Analytics-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին։ Նրա համոզմամբ՝ Միացյալ Նահանգներում գործազրկության մակարդակը կնվազի։ 2012թ. այս ցուցանիշն ակնկալվում է 8%-ից, իսկ մինչև 2015թ. վերջը՝ 6%-ից ցածր մակարդակում, ինչը տնտեսագիտության մեջ բնութագրվում է որպես ամբողջական զբաղվածություն։ Զանդիի կարծիքով՝ առաջիկա ամիսներին իրադրությունն ավելի կվատանա՝ կապված տաք ձմռան դրական ազդեցության ավարտի և այն հանգամանքի հետ, որ բենզինի գների կտրուկ աճը խիստ բացասաբար է ազդում սպառողների տրամադրությունների վրա։

ԱՄՆ-ի տնտեսությանը սպառնացող ռիսկերի թվում Moody’s Analytics-ն առանձնացնում է նավթի և բենզինի գների աճը, Եվրոպայի պարտքային ճգնաժամը և ԱՄՆ-ի պետական ծախսերի համաձայնեցման հեռանկարների անորոշությունը։ Մյուս կողմից՝ Moody’s Analytic-ում նշում են, որ դրանց ազդեցությունն այժմ ավելի նվազ է, քան 2011-ի տարեվերջին էր։

Մեկնաբանել