Ֆորպոստի հարմարությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին ասել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել իր տարածքում ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) կառուցման հարցը՝ որպես ադրբեջանական Գաբալայի ՌՏԿ-ին այլընտրանք։ Վարչապետը «Կոմերսանտ»-ի թղթակցի առջև հպարտացել է մեր լեռների դասավորությամբ։ «Կայանի գործողության շառավիղը կարող է ավելի լայն լինել»,– ասել է Տիգրան Սարգսյանը։Հետաքրքիր է՝ մեր վարչապետը մտադիր չէ՞ միանգամից թվարկել այն հաճկատարությունների ցանկը, որը Հայաստանը պատրաստ է անել ի շահ Ռուսաստանի։

Ասենք՝ ինչո՞ւ Արմավիրի մարզը ամբողջությամբ չտրամադրել ռուսներին, որպեսզի այնտեղ ռազմական խոշոր զորավարժություններ անեն ամբողջ տարի՝ ըստ տարվա եղանակի։ Կամ Շիրակի մարզը տրամադրել ամբողջությամբ՝ որպես ատոմային թափոնների «պոլիգոն»։ Ես վարչապետին հասկանում եմ՝ ընդամենը մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը նրան շնորհակալական նամակ է գրել՝ իր նախագահ ընտրվելու առիթով Տիգրան Սարգսյանի շնորհավորանքին ի պատասխան։ Մարդը ոգևորվել է այդ նամակից։ Հայաստանը որպես «2 մլն 416 հազար ընտրողի» հայրենիք նա չի դիտում։ Լավ, բա ի՞նչ անենք։Փաստորեն, Տիգրան Սարգսյանը երախտագիտության սուր զգացում ունի կամ ապառիկով Ռուսաստանին է հանձնում իր երախտագիտության սուր զգացումը՝ ես ձեզ ՌՏԿ տարածք, դուք ինձ՝ ազատ, արդար ընտրությունների ճանաչում։ Կամ այսպես՝ սիրելի Վլադիմիր Վլադիմիրի, Ձեր շնորհակալական նամակը ապահովեց մեր կուսակցության հաղթանակը առաջիկա ԱԺ ընտրություններում, որպես պատասխան շնորհակալություն՝ պատրաստ ենք տրամադրել տարածք ՌՏԿ-ի համար։ Կարող է լինել նաև այսպես՝ սիրելի Վլադիմիր Վլադիմիրի, ընտրակաշառքի փող չունենք, կարո՞ղ եք մի քիչ գումար ղրկել, որի դիմաց մենք պատրաստ ենք տարածք հատկացնել ՌՏԿ-ի համար։

Մեծ հաշվով այդպես էլ կա՝ ՀՀԿ-ն երկիրը ծախում է, բայց այնպես, որ քաղաքացիների համար լինի անհատույց, իսկ իր համար՝ շահեկան։ Նժդեհականություն դավանող կուսակցությունն այսօր պետությունն ընկալում է միայն որպես Հյուսիսային պողոտա կամ Մաշտոցի պուրակ։ Նաև՝ Թեղուտ և Քաջարան։ Հասկանո՞ւմ եք, այսպես վարվում է միայն օկուպանտը։

Նրա առաջին ընկալումը գրավյալ տարածքի մեջ «չալաղաջ» տեսնելն է։ Ցանկացած «գաղափարի» համար պետության ամեն թիզը հանրային շահ է։ Ո՞վ է կասկածում, որ հայկական Գաբալան լինելու է որևէ գողտրիկ անկյան հաշվին, ասենք՝ Ջերմուկում, Խոսրովի արգելոցում։ Ռուսները հո միայն չե՞ն աշխատացնելու այդ կայանը, նրանք պետք է վայելեն ֆորպոստի բոլոր հարմարությունները։

Ու հայաստանցին չգիտի, թե իր հայրենիքի շահագործման համար ո՞վ է ի վերջո պատասխանատու, եթե ընտրությունները ոչինչ չեն որոշում, իսկ իշխանությունն էլ հաշվետու չէ։ Եվ երբ վիճակագրական ծառայությունը ժամանակ առ ժամանակ արտագաղթի թեկուզ կեղծ ցուցանիշներ է հրապարակում, առաջինը մտածում եմ երկրի մասին՝ որպես Շագրենի կաշվի։

Ցանկացած հայաստանցու սրտում այս երկիրը փոքրանում է այնպես, ինչպես Բալզակի հայտնի վիպակում փոքրանում էր Շագրենի կաշին այն տարբերությամբ, որ մեր Հայրենիքը ոչ թե ինքնազոհաբերվում է իր հավակնություններին, այլ զոհաբերվում է ուրիշների 380 հավակնություններին։ Տեսադաշտում չկա մեկը, ում կարող ես հարցնել՝ ո՞րն է, բաբո, քո հայրենիքը։ Նրանց բոլորին տեսնում ես կա՛մ «Կոմերսանտ»-ի էջերում, կա՛մ արտասահմանյան գագաթաժողովներին, կա՛մ էլ մեր հեռուստաընկերությունների եթերում։ Դրանք վիրտուալ մարդիկ են, որոնք շատ շոշափելի խնդիրներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։

Մեկնաբանել