Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները Հունաստանին

Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները Հունաստանի նավթային երկու խոշոր ընկերություններին, հաղորդում է իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի՝ մատակարարումները դադարեցվել են Hellenic Petroleum-ին և Motor Oil Hellas-ին՝ նրանց՝ վճարային պարտավորությունները չկատարելու պատճառով։

Այս տարվա փետրվարին Իրանը հայտարարել էր նավթային մատակարարումների դադարեցման մասին ֆրանսիական և բրիտանական ընկերություններին։ Այս քայլը պատասխան էր Եվրամիության՝ իրանական նավթի ներկրման էմբարգոյի հունվարյան որոշման հետ. այն ուժի մեջ է մտնելու այս հուլիսի 1-ից։

Իրանական նավթի արտահանման 18%-ը բաժին է ընկնում Եվրամիությանը։ Արևմտյան Եվրոպայում իրանական նավթի հիմնական սպառողներն են Իտալիան, Իսպանիան և Հունաստանը. նրանց բաժին է ընկնում իրանական նավթի եվրոպական ներկրման մոտ 70%-ը։ Ընդ որում՝ մինչև վերջերս Հունաստանի նավթային ներկրման ավելի քան 1/4-ը բաժին էր ընկնում Իրանին։

Մեկնաբանել