Կարտելային համաձայնությո՞ւն

Սովորության համաձայն՝ բոլորի մոտ միաժամանակ բենզինը կրկին թանկացել էՀայաստանում բենզինը կրկին որոշել է թանկանալ ֌10-ով. շուկայի երկու հիմնական խաղորդների՝ «Սիթի պետրոլ գրուպ»-ի և «Ֆլեշ»-ի երևանյան բենզալցակայաններում «ռեգուլյար» տեսակի բենզինը երեկ արդեն վաճառվում էր ֌500-ով: Բենզինն այս անգամ թանկացավ ոչ թե սովորականի պես հանգստյան օրերին, այլ աշխատանքային շաբաթվա երկրորդ օրը։

Երեկ Երևանում բենզինի շուկայի 85%-ը տնօրինող երկու խոշոր ընկերություններ մի քանի ժամ տարբերությամբ բենզինը թանկացրին ֌10-ով։ Նշենք, որ վերջին անգամ՝ մարտի 24-ին, բենզինը միանգամից թանկացել էր ֌20-ով, ընդ որում՝ շուկայի բոլոր խաղորդների բենզալցակայաններում։ Ներքին շուկայում բենզինի հերթական թանկացումը ներկրվող և իրացնող ընկերությունները բացատրում են համաշխարհային շուկայում նավթի գների աճով և Հայաստանում հարկային փոփոխութուններով։

Ուշագրավ է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), որը փետրվարի վերջին սկսել է բենզինի շուկայում գների փոփոխության ուսումնասիրությունը, շարունակում է մնալ դիտորդի կարգավիճակում։ Խնդիրն այն է, որ քանի դեռ հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի շուկայում տեղի ունեցող զարգացումները, բենզինն արդեն երեք անգամ հասցրել է ընդհանուր առմամբ թանկանալ ֌50-ով։Բենզինի շուկայում հիմնական խնդիրն այն չէ, որ այն թանկանում է, այլ այն է, որ թանկանում է բոլոր ընկերությունների մոտ միաժամանակ։

Բենզինի շուկայի 85%-ը կենտրոնացած է երկու՝ «Սիթի պետրոլ գրուպ» (շուկայի մասնաբաժինը՝ 41,76%) և «Ֆլեշ» (մասնաբաժինը՝ 42,62%) ընկերությունների ձեռքում, բայց շուկայում գործում են նաև «Միկա լիմիտեդ», «Մաքս հուր», «Ռան օյլ» ընկերությունները։ Սա նշանակում է, որ թե՛ շուկայի հիմնական խաղորդների մոտ, թե՛ մյուս ընկերություններում բենզինի պաշարները չեն կարող սպառվել միևնույն օրը։ Բոլոր ընկերությունների մոտ բենզինի գների միաժամանակյա փոփոխությունը նման է հակամրցակցային համաձայնության, ինչը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով պատժելի է։

Բայց չգիտես ինչու ՏՄՊՊՀ-ն դեռ շարունակում է ուսումնասիրել բենզին ներկրող ընկերությունների կողմից ներկայացված «հաստափոր» թղթապանակները, իսկ թե ինչ կգտնվի դրանցում, պարզ կլինի մայիսի 6-ի ընտրություններից հետո: Խնդիրն այն է, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում, և Ընտրական օրենսգրքի պահանջով ապրիլի 3-ից մայիսի 6-ը գնացել է արձակուրդի։ Առանց Շաբոյանի՝ դժվար թե ՏՄՊՊՀ-ն նիստ հրավիրի և քննարկի բենզինի շուկայի այս տարվա զարգացումները, հատկապես եթե հաշվի առնենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված են վարչական վարույթի ժամկետները՝ առավելագույնը 90 օր:

Մեկնաբանել