Քենեթ Ռոգոֆ․ եվրոն չափազանց մեծ զոհեր է պահանջում

Եվրոպան, հնարավոր է, երբեք էլ չդառնա արդյունավետ արժութային գոտի, ինչ չափանիշներ էլ որ կիրառվեն։ Առանց հետագա քաղաքական և տնտեսական խոր ինտեգրման, ինչը վերջնական արդյունքում կհանգեցնի եվրոգոտու անդամների թվաքանակի կրճատման, եվրոն չի «ձգի» մինչև տասնամյակի վերջը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆը:

Քանի որ եվրոգոտու մի շարք երկրներում, ինչպես օրինակ Իսպանիան ու Հունաստանն են, երիտասարդության շրջանում գործազրկությունը մոտենում է 50%-ի մակարդակին, հարց է առաջանում. արժե՞ արդյոք մի ամբողջ սերունդ զոհաբերել՝ հանուն միասնական արժույթի, որը չափազանց տարբեր երկրների է միավորում, որպեսզի կենսունակ լինի։ Եթե այդպես է, արդյո՞ք եվրոգոտու ընդլայնումն իրականում ծառայում է որպես Եվրամիության հստակ նպատակ՝ մաքսիմալացնելու տնտեսական ինտեգրումը՝ առանց լիակատար քաղաքական միության պարտադիր ձեռքբերման։

Լավ նորությունն այն է, որ տնտեսական ուսումնասիրությունները հստակ պատասխանում են հարցին, թե պետք է արդյոք ԵՄ-ին միասնական արժույթ։ Վատ նորություն. ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ խոշոր երկրների համար արժութային միությունները ծայրահեղ դեպքում խիստ անկայուն կլինեն, եթե չհամընկնեն ազգային սահմաններին։ Արժութային միությունները պահանջում են առնվազն կոնֆեդերատիվ պետական կառուցվածք՝ հարկադրման և քաղաքականության այլ ոլորտների ավելի կենտրոնացված վերահսկողությամբ, քան ԵՄ առաջնորդների կողմից եվրոգոտուն տրամադրված իշխանությունն է, նշում է Ռոգոֆը։