Կուբան աստիճանաբար «մասնավորեցվում» է

Կուբայի կառավարությունը պետական ընկերությունները կհանձնի արտադրական կոոպերատիվներին՝ տնտեսությունում մասնավոր հատվածի դերը մեծացնելու նպատակով, հայտարարել է երկրի նախագահ Ռաուլ Կաստրոն Կուբայի պետական հեռուստատեսության եթերում։ Կոոպերատիվ սեփականություն դարձող ձեռնարկությունների անունները դեռ չեն բացահայտվում։

Ներկայում Կուբայում կոոպերատիվների տեսքով գոյություն ունեն զգալի թվով ռեստորաններ, գեղեցկության սրահներ և այլն։ Բարեփոխումների հեղինակը երկրի էկոնոմիկայի նախարար Մարինո Մուրիլիոն է, որն այս պաշտոնը ստանձնել է 2011թ. մարտին։

Կուբայի նախագահը նաև հայտարարել է, որ կղզուն գյուղատնտեսության ազատականացում է սպասվում, այդ թվում՝ հողատարածքների հանձնում ֆերմերներին՝ որպես մասնավոր սեփականություն։ Այդպիսով Կուբայի կառավարությունը ծրագրում է պարենային հատվածում ավելացնել արտադրության ծավալները և նվազեցնել երկրի կախվածությունը ներկրումից։ 2011թ. վերջին իշխանությունները բնակիչներին թույլատրել էին ազատ զբաղվել ավտոմեքենաների և անշարժ գույքի վաճառքով։

Պարենային կոոպերատիվները պետական ձեռնարկություններից տարբերվում են նրանով, որ դրանց ակտիվների կառավարումն իրականացնում են փայատերերը։

Ռաուլ Կաստրոն բազմիցս հայտարարել է կղզու տնտեսական համակարգի ազատականացման ծրագրերի մասին։ Երկրում արդեն վերացվել են մասնավոր ձեռնարկատիրության մի շարք արգելքներ։ 2010թ. նա հայտարարել էր պետական հատվածում մինչև 2015թ. մեկ միլիոն աշխատատեղի կրճատման մասին, ինչը կազմում է Կուբայի պաշտոնապես զբաղված բնակիչների 20%-ը։

Տնտեսական բարեփոխումներին զուգահեռ՝ կղզում իրականացվում են նաև պետական ապարատի փոփոխություններ։ Այսպես, արդեն վերացվել է երեք նախարարություն՝ էներգետիկայի, բնական ռեսուրսների արդյունահանման և շաքարի։

Մեկնաբանել