Նոր պետություն Մալիում

Մալիի հյուսիսը գրաված տուարեգները հայտարարել են Ազավադ (Ազավադը տուարեգների բնակության շրջանի անվանումն է) պետության ստեղծման մասին։ Ընդ որում՝ «Հանուն Ազավադի  ազատագրման շարժում» խմբավորման մեջ միավորված անջատողականները պահանջել են, որ միջազգային հանրությունը հանդես գա՝ ի պաշտպանություն իրենց նոր երկրի ստեղծման։

Ավելի վաղ «Հանուն Ազավադի  ազատագրման շարժում»-ը հայտարարել էր, որ երկրի ողջ հյուսիսն անցել է իր վերահսկողության տակ, և խմբավորումը որոշել է միակողմանիորեն հայտարարել ռազմական գործողությունների դադարեցման մասին։

Մալիի հյուսիսում վերջին կարևոր խոշոր քաղաքը՝ հնագույն Տիմբուկտուն, տուարեգների վերահսկողության տակ էր անցել օրերս։

Նման հաջողությունների հասնել տուարեգներին, որոնք Մալիի հյուսիսում խռովություն էին բարձրացրել դեռ մի քանի ամիս առաջ, հաջողվեց այս տարվա մարտի 22-ին Մալիում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ազավադը կարող է «բավական երկար» գոյատևել։

Վերջին երկու տասնամյակներին տուարեգները, որոնք քոչվոր ժողովուրդ են, բազմիցս զինված պայքար են մղել աֆրիկյան մի շարք երկրների, մասնավորապես՝ Մալիի և Նիգերի կառավարությունների դեմ, սակայն հեղաշրջումների շնորհիվ կոնֆլիկտները հաջողվել է լուծել։ Տուարեգների խոշոր մի շարք տոհմեր անցյալ տարի կռվում էին ի պաշտպանություն Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի։

Տուարեգների ընդհանուր թիվը մոտ 5 մլն է։ Նրանք ապրում են Մալիի, Նիգերի, Բուրկինա-Ֆասոյի, Ալժիրի ու Լիբիայի տարածքում։