Ի՞նչ արժե պրոֆեսորը

Դասախոսների վարձատրությունը՝ երկրի զարգացման ցուցիչԵրիտասարդ գիտնականների ներհոսքի բացակայությունը, ծերացող կրթական ներուժը և գիտակրթական ոլորտում ոչ գրավիչ աշխատավարձերը լուրջ սպառնալիք են ոչ միայն զարգացող երկրների, մասնավորապես Հայաստանի, այլև զարգացած այնպիսի երկրների համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան և Ճապոնիան: New York Times-ը ուշագրավ հոդված է հրապարակել մի հետազոտության մասին, որտեղ համեմատվում են պրոֆեսորների աշխատավարձերը աշխարհի տարբեր երկրներում:

Ամերիկյան Միջազգային բարձրագույն կրթության կենտրոնի մասնագետներ (Center for International Higher Education) Ֆիլիպ Ալտբաչը (Philip Altbach) և նրա գործընկերները «Պրոֆեսորադասախոսական կազմի վարձատրություն» (Paying the Professoriate) խորագրով գիրք են հրատարակել, որտեղ փորձել են պարզել 28 երկրների պետական համալսարաններում դասախոսների աշխատավարձերն ու նպաստները՝ համեմատելով այլ ոլորտների աշխատավարձերի հետ: Ըստ հետազոտության՝ Հայաստանում գիտակրթական ոլորտում աշխատավարձերն ամենացածրն են՝ մոտ $500, իսկ Կանադայում՝ ամենաբարձրը՝ մոտ $7 հազ.: (Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում 2010թ. կրթության ոլորտում միջին աշխատավարձը կազմել է մոտ ֌82 հազ.):

Գրքի հեղինակներն աշխարհը պատկերավոր բաժանել են երկու մասի՝ ուղեղների արտահոսք և ուղեղների կենտրոնացում ապահովող երկրների՝ ցույց տալով, թե ինչպես են բարձր եկամուտներ ունեցող երկրներն ակադեմիական տաղանդներ ներգրավում աղքատ երկրներից: Իհարկե, զարգացող երկրներում որոշ բուհեր փորձում են այդ միտումը կանխել՝ առաջարկելով որոշակի նպաստներ: Օրինակ՝ Մեքսիկայում առաջին ամուսնության ժամանակ դասախոսներին տրամադրվում են ամուսնության բոնուսներ և «երկու խնձորօղու շիշ ու սառեցված հնդկահավ Սուրբ ծննդի նախօրեին»:Հետազոտության ժամանակ յուրաքանչյուր երկրում ակադեմիական ոլորտի աշխատավարձերը նախ համեմատվել են այդ երկրում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հետ, այնուհետև՝ այլ ոլորտի աշխատավարձերի: 28 երկրներից յուրաքանչյուրում հետազոտող խումբը հարցում է անցկացրել՝ արդյոք միջին ակադեմիական աշխատավարձը այդ երկրում բավարա՞ր է միջին կենսամակարդակ ունենալու համար: Ըստ հետազոտության՝ շատ երկրներում մեծանում է անջրպետը առաջատար հետազոտական ​​համալսարանների պրոֆեսորների և քոլեջների դասախոսների միջև, որոնք ակադեմիական հիերարխիայի ավելի ստորին մակարդակներում են:

Պարզվել է, որ Չինաստանում ակադեմիական ոլորտի նորեկները, որոնք ստանում են ամսական $259 աշխատավարձ, ամենացածր վարձատրվող դասախոսներն են: Ըստ հետազոտության՝ նրանք վաստակում են ավելի քիչ, քան նրանց գործընկերները Հայաստանում ($405) կամ Եթովպիայում ($864): Ամենաբարձրը վարձատրվում են Կանադայի երիտասարդ դասախոսները՝ ամսական $5730, և կայացած պրոֆեսորները՝ ամսական միջինը $9485: Փորձառու դասախոսները բարձր գնահատականի են արժանանում նաև Իտալիայում ($9118), Հարավային Աֆրիկայում ($9330), Սաուդյան Արաբիայում ($8524), Մեծ Բրիտանիայում ($8369), Մալայզիայում ($7864), Ավստրալիայում ($7499), Հնդկաստանում ($7433) և Միացյալ Նահանգներում ($7358):Հետաքրքիր արդյունք է ստացվել Եթովպիայում, որտեղ չնայած կրթական ոլորտում միջին ամսական աշխատավարձը $1207 է, դասախոսները համարվում են ամենաբարձր վարձատրվող մասնագետները, քանի որ նրանց աշխատավարձը 23 անգամ գերազանցում է մեկ շնչի հաշվով միջին ՀՆԱ–ն: (Համեմատության համար՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում կամ Ավստրալիայում պրոֆեսորների միջին աշխատավարձը մոտ կրկնակի ավելի է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին ցուցանիշից):

Ըստ հետազոտության՝ չնայած Ռուսաստանը միակ երկիրն է, որտեղ դասախոսական կազմի փաստացի միջին աշխատավարձը պակաս է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշից (60%), ուսումնասիրված գրեթե բոլոր երկրներում դասախոսներն զգալիորեն քիչ են վաստակում, քան այլ ոլորտի որակյալ աշխատուժը: Օրինակ՝ Ղազախստանում դասախոսները վաստակում են մոտ 50%-ով քիչ, քան նույն ստաժն ունեցող այլ մասնագետներ: Բացի այդ՝ գրքի հեղինակները զգուշացնում են, որ մոտ ապագայում «Ճապոնիայում, Գերմանիայում, Իսրայելում և ԱՄՆ-ում դժվար կլինի երիտասարդ տաղանդներին ներգրավել կրթության ոլորտ, եթե աշխատավարձերը հիերարխիայի ցածր օղակներում չբարձրանան»:

Գերմանիայում, որտեղ դասախոսները համարվում են քաղաքացիական ծառայողներ, դասախոսելը դարձել է պակաս գրավիչ, քան աշխատանքն արդյունաբերության ոլորտում կամ պետական ​​կառավարման համակարգում: Արդյունքում պրոֆեսորադասախոսական կազմն ստիպված է գտնել եկամուտի այլ աղբյուրներ: Ըստ հեղինակների՝ գոյատևման տարածված միջոց է համալսարանական աշխատանքից դուրս խորհրդատվության տրամադրումը: Բացի այդ՝ դասախոսներն ստիպված են լրացուցիչ դասեր տալ մասնավոր, ոչ կոմերցիոն համալսարաններում կամ բիզնես դպրոցներում:Ամերիկյան համալսարանների պրոֆեսորների ասոցիացիայի նախագահ Քերի Նելսոնի խոսքով՝ անգամ բարձր աշխատավարձը կարող է ապակողմնորոշիչ լինել. «Դասախոսների աշխատավարձերի մասին թաքնված ճշմարտությունն այն է, որ որոշ դասախոսներ վճարվում են առատորեն և ունեն կուտակած հարստություն, իսկ մյուս դասախոսները գտնվում են աղքատության եզրին: Ընդ որում՝ նույն երկրում կարելի է երկու խմբի ներկայացուցիչներին էլ հանդիպել»:

Մեկնաբանել