Բոյկոտել Adidas-ը․ կոչ են անում արաբ նախարարները

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների սպորտի նախարարների խորհուրդը կոչ է արել բոյկոտել Adidas-ը՝ Երուսաղեմի մարաթոնը հովանանվորելու համար։ Բոյկոտի մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արքայազն Նավաֆ բն Ֆեյսալը, որը Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է և Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ։ Բոյկոտը ողջունել են «Համաս» շարժման կողմից վերահսկվող Գազայի իշխանությունները։ Բողոքի ակցիայի էությունն այն է, որ արաբական երկրների կարծիքով՝ մարաթոնի կազմակերպիչները Երուսաղեմը ներկայացնում են որպես իսրայելական քաղաք՝ «մոլորեցնելով հանրությանը» և անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը։

Արաբ նախարարներն առաջարկել են 2013թ. զուգահեռ մարաթոն կազմակերպել արաբական երկրներից մեկում, որը կիրականացվի «Երուսաղեմը մերն է» կարգախոսով։

Սա առաջին սկանդալը չէ՝ կապված Իսրայելի՝ Երուսաղեմի նկատմամբ ունեցած հավակնությունների մեղադրանքների հետ։ 2011թ. սկզբին քաղաքում արագընթաց տրամվայի գործարկման նախագծից դուրս եկավ միջազգային Veolia կոնցեռնը այն բանից հետո, երբ նրա վրա ճնշում գործադրեցին։

2009թ. Իսրայելի տուրիզմի նախարարությանը ստիպեցին հանել լոնդոնյան մետրոյում տեղադրված 108 գովազդային վահանակները։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ գովազդի չափանիշների գծով բրիտանական գերատեսչությունը 336 բողոք ստացավ պաղեստինամետ կազմակերպություններից։ Վահանակների վրա պատկերված էր Իսրայելի քարտեզը, որը ներառում էր Գոլանի բարձունքները և Հորդանանի արևմտյան ափը։

Մեկնաբանել