Ինտերվենցիայի ամերիկյան դոկտրին

«Արաբական գարնան» քիսինջերյան մեկնաբանությունը

«Արաբական գարնան» կարևոր ասպեկտներից մեկը արտաքին քաղաքականության մինչև վերջերս գերակայող սկզբունքների վերաիմաստավորումն է։ Դադարեցնելով ռազմական գործողությունները Իրաքում և Աֆղանստանում, որոնք սկսվել էին ազգային անվտանգության նկատառումներով (չնայած հիմնավորման վիճելիությանը), ԱՄՆը սկսել է միջամտել տարածաշրջանի մյուս երկրների գործերին՝ հանուն մարդասիրական ինտերվենցիայի։ Արդյոք ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունում ժողովրդավարության վերականգնումը կդառնա նոր բեթղեհեմյան աստղ՝ փոխարինելով ազգային շահերի սկզբունքին։ Եվ արդյոք «արաբական գարունն» իրականում ժողովրդավարության վերականգնում է. ամերիկյան The Washington Post պարբերականի իր հոդվածում մեկնաբանում է ԱՄՆի նախկին պետքարտուղար, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերը։

Ըստ ձևավորվող կոնսենսուսի՝ ԱՄՆ-ը բարոյապես պարտավոր է պաշտպանել Մերձավոր Արևելքի հեղափոխական շարժումները՝ որպես յուրօրինակ փոխհատուցում «սառը պատերազմի» տարիների անխուսափելիորեն «սխալ» բնորոշվող քաղաքական ուղեգծին, երբ Վաշինգտոնը համագործակցում էր տարածաշրջանի ոչ ժողովրդավարական կառավարությունների հետ՝ հանուն անվտանգության ոլորտում նպատակների իրագործման։

«Սառը պատերազմի» տարիներին ստեղծված այդ համակարգը գոյատևեց շուրջ 30 տարի՝ հանգեցնելով ռազմավարական մի շարք կարևոր վերափոխումների, ինչպես օրինակ Եգիպտոսի հեռացումը Խորհրդային Միության հետ դաշինքից և քեմփդևիդյան համաձայնագրերի ստորագրումը։ Ներկայում ձևավորվող համակարգը, եթե վերջինս իհարկե կարողանա մշակել նախանշված նպատակների իրագործմանն անհրաժեշտ միջոցները, ի սկզբանե կարող է անկայուն լինել ներսից, ինչը, իր հերթին, կարող է իմաստազրկել իր իսկ կողմից առաջադրվող արժեքները։

«Արաբական գարունն» ընդունված է ներկայացնել որպես հեղափոխություն, որի շարժիչ ուժը հանուն ժողովրդավարության և լիբերալ սկզբունքների առաջնորդվող երիտասարդությունն է։ Սակայն Լիբիայում իշխանության եկան այլ ուժեր. այսօր այն դժվար է պետություն անվանել։ Նույնն է նաև Եգիպտոսում, որտեղ ընտրազանգվածի մեծ մասն աջակցում է իսլամիստներին։ Սիրիայի ընդդիմության շարքերում ևս ժողովրդավարները գերակշռող չեն։ Արաբական պետությունների լիգայում Սիրիայի վերաբերյալ կոնսենսուսը ձևավորվում է հիմնականում ոչ այն պետությունների կողմից, որոնք ժողովրդավարության կամ նրա պաշտպանության ջատագովներ են։ Այն ավելի շուտ շիաների ու սուննիների միջև հազարամյա հակամարտության և սուննիների՝ շիական փոքրամասնությունից իշխանությունը խլելու փորձերի վկայությունն է։ Հենց սրանով է պայմանավորված, որ փոքրամասնություններից շատերը՝ դրուզները, քրդերը, քրիստոնյաները, մտահոգված են Սիրիայում վարչակարգի փոփոխման հավանականությամբ։

Անջատ հավակնությունների ամբողջությունը՝ միավորված ընդհանուր կարգախոսներով, դեռ ժողովրդավարություն չէ։ Հաղթանակը նշանակում է ժողովրդավարական էվոլուցիայի և իշխանության նոր առանցքի պահանջարկ։ Որքան ուժեղ լինի հարվածը ներկայիս վարչակարգին, այնքան բարդ կլինի երկրում իշխանության վերականգնումը, առավելևս՝ ուժի գործադրումը կամ գաղափարախոսության պարտադրումը։ Որքան հատվածատված է հասարակությունը, այնքան մեծ է գայթակղությունը միաբանվելու ազգայնականության և իսլամիզիմի խառնուրդի շուրջ՝ համակցված արևմտյան արժեքներին դիմակայելու կարգախոսներով։

Պետք է պահպանել զգոնությունը, քանի որ հասարակությունը սովորաբար հետևում է միայն հանգուցային իրադարձություններին և շատ արագ կորցնում է հետաքրքրությունը։ Հեղափոխությունների մասին դատելու են ըստ նրանց ավարտի, այլ ոչ մեկնարկի, ըստ արդյուքների, այլ ոչ հռչակագրերի։

Մերձավորարևելյան հեղափոխություններին մարդասիրական ինտերվենցիայի դոկտրինը կենսունակ չի լինի, եթե չկապակցվի ԱՄՆ-ի ազգային անվտանգության հայեցակարգին։ Ինտերվենցիայի դեպքում պետք է հաշվի առնել այս կամ այն երկրի ռազմավարական նշանակությունը և սոցիալական համախմբվածությունը (ներառյալ էթնոդավանական ամբողջական ու բարդ կառուցվածքի խաթարման հնարավորությունը), պետք է հստակ հաշվարկել՝ ինչ վարչակարգ է փոխարինելու հնին։ Ավանդական ֆունդամենտալ քաղաքական ուժերը, ամուր դաշինքի մեջ լինելով ծայրահեղական հեղափոխականների հետ, սպառնում են իրենց վերահսկողության տակ վերցնել գործընթացը, որի ակունքներում կանգնած սոցցանցերի ներկայացուցիցչներն աստիճանբար լուսանցքում են հայտնվում։

Արդյո՞ք ԱՄՆ-ը որոշակի նախապատվություններ ունի, թե ինչ խմբեր պիտի գան իշխանության։ Հնարավոր արդյունքներից ո՞րն է համապատասխանում տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին։ Հնարավո՞ր է արդյոք համատեղել հանգուցային երկրներից հեռանալն ու ռազմական ծախսերի կրճատումը մարդասիրական ինտերվենցիայի դոկտրինի հետ։ ԱՄՆ-ի՝ «արաբական գարնանն» առնչվող արտաքին քաղաքական բանավեճերում այս հարցերի քննարկումը բացակայում է։

Ավելի քան կես դար ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությունը պայմանավորում էին անվտանգության ոլորտի մի շարք հանգուցային նպատակները։ Այսպես՝ թույլ չտալ տարածաշրջանի որևէ երկրի վերածվել հեգեմոնի, ապահովել էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար, ինչպես նաև նպաստել Իսրայելի և նրա հարևանների՝ այդ թվում պաղեստինցիների միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Վերջին տասը տարիներին երեք այս նպատակների իրագործան հիմնական խոչընդոտը եղել է Իրանը։ Գործընթացը, որն ի վերջո իշխանության է բերում կա՛մ չափազանց թույլ, կա՛մ էլ հակաարևմտյան կառավարությունների, Վաշինգտոնի համար խիստ մտահոգիչ պետք է լինի, անկախ այն բանից՝ որքան կատարելագործված է ընտրական մեխանիզմը, որով այս կառավարությունները գալիս են իշխանության։ ԱՄՆ-ը լայն այս շրջանակում մարդասիրական և ժողովրդավարական արժեքները առաջ մղելու բավական մեծ տարածություն ունի։

ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի գործ ունենալ իսլամիստական կառավարությունների հետ՝ ընտրված ժողովրդավարական ճանապարհով։ Սակայն որևէ բան չի խանգարի Նահանգներին հետևել արտաքին ավանդական քաղաքականության ստանդարտ սկզբունքին՝ այս կամ այն կառավարության քայլերի վերաբերյալ դիրքորոշումը հարմարեցնելով սեփական շահերին։

Արաբական երկրներում ցնցումների ընթացքում ԱՄՆ-ի գործողությունները նրան դեռ խոչընդոտ չեն դարձրել հեղափոխական վերափոխումների ճանապարհին, ինչը փոքր ձեռքբերում չէ։ Սակայն ճիշտ մոտեցման միայն մեկ բաղադրիչն է սա։ Ի վերջո, ԱՄՆ-ի քաղաքականության մասին դատելու են նաև ըստ այն հանգամանքի, թե արդյոք «արաբական գարնամբ» վերափոխված պետությունները ավելի պատասխանատու կլինեն աշխարհակարգի նկատմամբ, և կբարձրանա նրանց մարդասիրական ինստիտուտների որակը։