Հայ գեղանկարչության նահապետը

Շուտով՝ ընդամենը մեկ ամսից, կլրանա մեր ժամանակների մեծանուն արվեստագետ Հակոբ Հակոբյանի ծննդյան 89-րդ տարին։ Ուղիղ քառասուն տարի առաջ՝ 1962-ին, նա եկավ հայրենիք։ Եկավ իր ծննդավայր Եգիպտոսից, երբ արդեն 40 տարեկան էր, երբ արդեն իր ոճն ու ուղղությունը գտած նկարիչ էր: Մինչ այդ իր տասը լավագույն գործերն արդեն ուղարկել էր Հայաստանի ազգային պատկերասրահ՝ որպես հոգու պարտք և նվիրվածության առհավտչյա:

Վարպետի գեղարվեստական ժառանգության մեջ գերակշռողը եղել և մնում են բնապատկերներն ու նատյուրմորտները՝ արված յուղաներկով և ջրաներկով: Դրանք մատնում են առ մայր բնությունը նկարչի երկյուղած վերաբերմունքը։ Նա սիրում է բնությունը հանգիստ վիճակներում՝ երբ անդորր է շուրջը և ամենուր խաղաղություն։ «Նա կարողանում է զրուցել բնության հետ»,- Հակոբյանի մասին գրում էր Մարտիրոս Սարյանը։

Հակոբյանի՝ մեղմ ու դալուկ գույներով արված ծառերն ու թփերը, քարերն ու դաշտերը կարծես իրենց ողջ մերկությամբ ու պարզությամբ են պատկերանում մեր առջև՝ առանց զարդարանքի և սեթևեթանքի: Այդպիսին էլ նկարչի արվեստն է՝ հստակ ու զուսպ, անզարդ ու անպաճույճ, ներդաշնակ ու հավասարակշիռ:

Զարմանալին այն է, որ թվում էր, թե իր ոճով և նախընտրած ձևի մեջ նկարիչն արդեն հասել է կատարելության մի սահմանի, երբ հետագա զարգացման տեղ այլևս չկա: Մինչդեռ դիտում ես այսօր ևս ստեղծվող հայրենի բնության տեսարաններն ու թափանցիկ անոթներով, ձեռնոցներով, մանեկեններով և տարատեսակ գործիքներով նատյուրմորտները և համոզվում, որ դրանց հեղինակն իր ասելիքն ամենևին էլ չի սպառել, որ նա շարունակում է լիարյուն ստեղծագործել և հիացնել դիտողին: Նրա արվեստն ամբողջությամբ և ամեն մի ստեղծագործություն՝ առանձին-առանձին, զարմացնելու միտումով ստեղծված չլինելով հանդերձ, շարունակում է զարմացնել:

Թերևս հարկ չկա խոսել Հայաստան աշխարհի հակոբյանական ընկալման մասին: Մինչ նրա հայտնվելը մեզանից ոչ մեկն այդ կերպ չէր ընկալում մեր երկիրը, մեզ շրջապատող բնությունը: Հայաստանը հիմնականում Սարյանի ընկալմամբ էր՝ Սարյանի աչքերով ու վառ գույներով: Եկավ Հակոբյանը, հրամցրեց «իր» Հայաստանը, և մենք տեսանք ու ճանաչեցինք մեր հողը այդ նույն հողի գույներով ու երանգներով: Սա՛ է ճշմարիտ արվեստի մոգական ուժը, նրա զարմանահրաշ «հայտնագործություններից» մեկը:

Այս ամենի շուրջ օրերս, ավելի ճիշտ՝ Ծառզարդարի անցնող կիրակի, զրուցում էի Վարպետի հետ, երբ կրկին այցելել էի Կիևյան փողոցի վրա գտնվող նրա ընդարձակ արվեստանոց: «Հայաստանն անվերջ նյութ է նկարչի համար. ամեն մեկն իր գույնն է վերցնում,- պատմում էր Հակոբյանը։ – Ես վառ գույների նկարիչ չեմ»:

Նկարչի արվեստանոցում իր հանրահայտ նկարների կողքին կարելի էր տեսնել յուրատեսակ քանդակներ՝ պատրաստված մետաղյա տարբեր գործիքների զանազան մասերի միակցությամբ։ Իհարկե, միայն վառ երևակայություն ունեցող արվեստագետը կարող էր դրանք ստեղծել:

Վերջին տարիներին մաեստրոն զբաղված է հիմնականում այսօրինակ քանդակներ կերտելով: Դրանք միայն մարդկային ֆիգուրներ չէ, որ հիշեցնում են: Դրանք նաև մարդկային տարբեր բնավորություններ են, միջանձնային հարաբերություններ՝ դրանք զրուցում են, սիրահարվում, համբուրվում։

Սկզբում, ինչպես Վարպետն ինքը բացատրեց, այդ քանդակներն արել է որպես պերսոնաժներ՝ կտավների վրա փոխանցելու համար: Փոխանցելուց հետո, սակայն, քանդակները շարունակել են ապրել իրենց ինքնուրույն կյանքով: Ավելին՝ «Սիրահարներ» անունով երկմետրանոց մետաղյա արձանն այսօր զարդարում է շենքամերձ պուրակի մի անկյունը՝ որպես հեղինակի նվերը բակի բնակիչներին:

Ըստ Հակոբ Հակոբյանի, ինքը կերազեր, որ նկարչությունն էլ այդպես արագ ստացվեր. նկարները երբեմն տարիներ են տևում … Իսկ Վարպետի նկարակալին նոր կտավ էր՝ «Նարեկացի» պայմանական անվամբ: Միջնադարյան բանաստեղծն ամբողջովին պատված է վերքերով. այդպես է Հակոբյանը պատկերել մեղքերը: «Կարող ենք ասել, որ սա մեր ժողովուրդն է,- պարզաբանում է նկարիչը։ – Նա բուժման կարիք ունի»:

Քաղաքացի արվեստագետը մտահոգ է մերօրյա իրականությամբ: Նրա նկարած չոր մացառներն ու դժվարությամբ երկինք բարձրացող խաղողի որթերը, խանձված արտերն ու հեռագրասյուների շարքերն այլաբանական խորը ենթատեքստ ունեն, դրանք փիլիսոփայական ընդհանրացմամբ հաղորդում են մեր ժամանակների տագնապն ու հեղինակին համակած հոգու դրամատիզմը: «Երբ հասարակության մեծ մասը գործազուրկ է,- ասում է նա,- ուրեմն հասարակությունը ծանր հիվանդ է: Գործազուրկն ազատ մարդ չէ: Իսկ եթե մարդն ազատ չէ, ուրեմն չի կարողանա ազատ պետություն ստեղծել իր համար»:

Վարպետը դառնացած է նաև շարունակվող արտագաղթով: Գտնում է, որ Խորենացուց այս կողմ, ցավոք, չի շատացել հայ ժողովուրդը՝ մնալով նույն «փոքր ածուն»: Իր երկրից թողնել-գնալու մասին, երբեք չի մտածել: Միշտ էլ փորձել է հաշտ ապրել ինքն իր հետ՝ իրականացնելով երջանկության իր բանաձևը. սիրած գործով կարողանալ պահել իրեն ու իր ընտանիքը:

«Օտարությունից եմ եկել իմ հայրենիք: Սա նշանակում է, որ Հայաստանն իմ վերջին հանգրվանն է»,- սա էլ ծերունազարդ նկարչի ապրելու բանաձևն է: