Հավատանք, որ կեղծենք

Ապրիլի 4-ին մայիսյան խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական չորս ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Ժառանգություն»-ը, հայտարարություն ստորագրեցին ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ստեղծելու վերաբերյալ, որով, ի թիվս այլ քայլերի, պարտավորվում են ընտրակեղծիքների մասին տեղեկատվություն փոխանակել: Հանրապետական կուսակցությունը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը:

Իշխող կուսակցության համար բնականաբար նման փաստաթղթի տակ ստորագրություն դնելը կնշանակի նախաձեռնությունը հանձնել մրցակից ուժերին և սահմանափակել ընտրությունները կեղծելու սեփական բացառիկ հնարավորությունները: Ավելին՝ ո՞ւմ ընտրակեղծիքների մասին պետք է ՀՀԿ-ն տեղեկացներ քաղաքական մյուս ուժերին. պարզ է՝ սեփական ընտրակեղծիքների, քանի որ այսօր ստեղծված քաղաքական իրավիճակում միայն մեկ քաղաքական ուժ է ձգտում ընտրակեղծիքների՝ ՀՀԿ-ն, և պոչի գործառույթը ստանձնած ՕԵԿ-ը:

Բնական է, որ այնպիսի «մրցակցային առավելություն», ինչպիսին ընտրակեղծիքների իրականացումն է, իշխանությունը երբեք ձեռքից բաց չի թողնի: Ավելին՝ իշխանությունը նախապատրաստվում է աննախադեպ ընտրակեղծումների՝ նվազող բնակչություն ունեցող երկրում 165 հազար ընտրող է ավելանում:

Ազգային ժողովի նախագահին կից ընտրությունները դիտարկող խորհրդակցական մարմնի ստեղծումը, որի մասին հայտարարվեց երեկ, ընդամենը ընտրակեղծումների իրական պատասխանատվությունից խուսափելուն միտված քայլ է: Խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանը երեկ հայտարարել է, թե նորաստեղծ մարմինը զբաղվելու է «Ընտրական օրենսգրքի կիրառման վրա մոնիթորինգ իրականացնելով, նաև հնարավոր ընտրախախտումների մասին ահազանգերով»:

Իր հերթին ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը երեկ երկարաշունչ հայտարարություն է տարածել, որտեղ որևէ խոսք չկա ընտրախախտումները կանխարգելելու, դրանց վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին: Չորսէջանոց հայտարարությունը ծայրից ծայր դեկլարատիվ հերթապահ ձևակերպումներ են:

Այսօր առավել քան ակնհայտ է, որ ՀՀԿ միակ ռեսուրսը տոտալ ընտրակեղծիքներով խորհրդարանում մեծամասնություն վերցնելն է, որպեսզի հաջորդ կառավարության ձևավորման նախաձեռնությունը իրենը լինի:

ՀՀԿ-ն լավ է գիտակցում, որ մայիսյան ընտրությունները փետրվարյան նախագահական ընտրությունների առաջին փուլն է, և կրկնակի վճռական է լինելու նկարչության հարցում:

Մեկնաբանել