Ինկվիզիցիայի «միսը»

Երկու օր առաջ հայ հոգևորական տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում ինկվիզիցիա չկա: Մինչ այդ հասցրել է «դավաճան» անվանել Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին այն բանի համար, որ վերջինս միության դահլիճը շաբաթը մեկ անգամ տրամադրում է «Աստծո օթևան» կրոնական կազմակերպությանը: «Ձեր վիրավորանքը մի փութ մեղրով չի ուտվի»,– հոգևորականին հակադարձել է պարոն Մինասյանը՝ հընթացս վստահեցնելով, որ դահլիճն այլևս չի տրամադրվի այդ կառույցին:

Նախ փորձենք հասկանալ, թե ինչ է ինկվիզիցիան՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու պայքարը հերետիկոսության դեմ: Ամբողջական անվանումն է՝ «Սուրբ ինկվիզիցիա»: Լատիներեն բառացիորեն նշանակում է «հետապնդում» կամ «հետաքննություն»: Ծագել է 1215թ. կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ինոկենտի Պապի օրոք: Եկեղեցին հետապնդում և վառում էր նրանց, որոնք համաձայն չէին պաշտոնական տեսակետին: Ամենահայտնի զոհերից էին Կոպեռնիկոսը, Ջորդանո Բրունոն և Ժաննա դ’Արկը: Գալիլեո Գալիլեյը մի կերպ «պլստաց սրբազան կրակից»: Այսպիսով՝ մեր եկեղեցուն հայտնի է, թե իրենից ինչ է ներկայացնում ինկվիզիցիան: Նշանակում է, որ նա նախ հետին թվով հավանություն է տալիս այն ամենին, ինչ արել է կաթոլիկ եկեղեցին մարդկանց հետ: Երկրորդ՝ երազում է ունենալ նույն լիազորությունները, այսինքն՝ հետապնդել մարդկանց, դատել ու վառել: Երրորդ՝ եթե հոգևորականը այդպիսի բան է ասում, նշանակում է՝ նա ունի ամբողջ Հայ առաքելական եկեղեցու հավանությունը, քանի որ երկու օրվա ընթացքում եկեղեցին որևէ կերպ չի արձագանքել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ծառայություն իրականացնող իր հոգևոր սպասավորի ափսոսանքին:

Ի՞նչ «դեմք» կունենա հայկական ինկվիզիցիան: 21-րդ դարում դժվար է ասել, թե ինտերնետ ունեցող երկրում ինչպիսի տեսք կունենա «սուրբ հետապնդումն» ու «սուրբ դատաստանը»: Այսինքն՝ ինչպե՞ս եկեղեցին պիտի մարսի իր արածը: Եվ, ի վերջո, բարձրացված աղմուկին ինչպե՞ս պետք է հակադարձի նա: Փաստն այն է, որ այս ամբողջ պատմության մեջ Աստված չկա, որովհետև ասված է՝ մի դատիր, որ չդատվես: Եթե քաղաքական գործառույթներ չունես, դատելը քո գործը չէ: Եթե քաղաքական գործառույթներ չունես, դատապարտելը նույնպես քո գործը չէ: Եկեղեցին ինստիտուցիոնալ մեկ գործառույթ ունի, եթե ինչ-որ բան նրան դուր չի գալիս՝ հայտնել իր մտահոգությունը: Դա հնչում է մոտավորապես այսպես՝ մենք մտահոգված ենք երկրում կրոնական քայքայիչ կազմակերպությունների բազմացումով: Եկեղեցին՝ Հիսուսի շոշափելի ներկայացուցիչը երկրի վրա, չի կարող ասել՝ ես դատապարտում եմ աղանդների գործունեությունը: Նա կարող է միայն մտահոգվել, քանի որ մտահոգության մեջ ներողամտություն կա: Իսկ ներողամտությունը ցանկացած անիրավություն տեղն է դնում: Երբ հոգևորականի սիրտը ինկվիզիցիայի «միս» է ուզում, նշանակում է՝ հաջորդ քայլը դա իրականացնելու պահանջ դնելն է:

Հետևաբար՝ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկելու բան ունի: Առնվազն հստակեցնել՝ արդյոք եկեղեցին ինկվիզիցիոն լիազորությունների կարիք ունի՞, արդյոք այդ լիազորությունները ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում չպե՞տք է փոխվի համապատասխան դրույթը, ըստ որի՝ եկեղեցին անջատ է պետությունից: Եվ, արդյոք, այսուհետ խոսքն այլևս կրոնապետության մասին չէ՞: Միգուցե, մի հատ էլ «ալելուիա՞» երգենք Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի պատվին որպես եկեղեցուն «բիթի» քցողի կամ եկեղեցու «բիթին» մեզ հասցնողի:

Մեկնաբանել