ԱՄՀ․ Իսպանիայի տնտեսությանը բարեփոխումներ են անհրաժեշտ

Իսպանիան առերեսվել է տնտեսական բարդ խնդիրների, որոնք պետական շտապ բարեփոխումներ են պահանջում, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մամուլի քարտուղար Ջերի Ռայսը (Reuters)։

Ռայսի խոսքով՝ ԱՄՀ-ն շարունակում է վերլուծել իսպանական խորհրդարանում անցած շաբաթ քննարկման դրված բյուջեի նախագիծը, որը նախատեսում է պետական ծախսերի կտրուկ կրճատում։ Նշենք, որ Եվրամիության պահանջներին համապատասխան՝ 2012թ. Իսպանիան բյուջեի դեֆիցիտը պետք է կրճատի 3,2 տոկոսային կետով։

Ընթացիկ տարվա մարտի 30-ին հրապարակված Իսպանիայի 2012թ. բյուջեի նախագծի համաձայն՝ երկիրը պետք է խնայի ավելի քան €27 մլրդ։ Այս միջոցները Մադրիդը մտադիր է խնայել բյուջետային աշխատողների աշխատավարձերի սառեցման, ինչպես նաև նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների բյուջեների կրճատման հաշվին, միջինը 16,9%-ով։ Այսպիսի քայլերի շնորհիվ կառավարությունը մտադիր է հասնել բյուջեի դեֆիցիտի կրճատման նպատակային ցուցանիշին՝ մինչև ՀՆԱ-ի 5,3%-ը՝ 2011թ. 8,5%-ի դիմաց։

Հիշեցնենք, որ երեկ Իսպանիան տեղաբաշխել է մարման տարբեր ժամկետներ ունեցող պետական պարտատոմսեր՝ €2,6 մլրդ ընդհանուր ծավալով։ Հատկանշական է, որ դրանց եկամտաբերությունը նախորդ տեղաբաշխումների համեմատ զգալիորեն աճել է։