Հովհաննես Ավոյան. 2012թ. Հայաստանի ՏՀՏ ոլորտը կգերազանցի նախորդ տարվա 30% աճը

ԻՏՁՄն այսօր իր 12-րդ համագումարին ներկայացրեց 2012թ. նախատեսվող ծրագրերը և ֆինանսական հաշվետվությունը: Տարվա նպատակներից մեկն է լինելու Երևանի բոլոր դպրոցներում ռոբոտաշինության խմբակների բացումը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կազմում 2012թ. նախատեսվում է ներգրավել 70 ընկերություն: Այս մասին այսօր կայացած ԻՏՁՄ 12-րդ համագումարի ժամանակ տեղեկացրեց ընկերության նախագահ Հովհաննես Ավոյանը:

2011թ. ընկերության կազմում եղել է 63 անդամ ընկերություն: ԻՏՁՄ նախագահի խոսքով՝ այս ընկերությունները ՏՀՏ շուկայի ամենադինամիկ և ակտիվ ընկերություններն են և ծածկում են շուկայի 80%-ը:

«Այս ընկերությունների աշխատակիցները նույնպես կազմում են ՏՀՏ շուկայի մեծամասնությունը: Մեր նպատակն է զարգացնել Հայաստանի ՏՀՏ շուկան և դարձնել այն մրցունակ, որպեսզի մեր ՏՀՏ ընկերություններն արտադրեն բարձրորակ և միջազգային մակարդակի արտադրանք»,- նշեց նա:

Խոսելով 2011թ. ՏՀՏ ոլորտի աննախադեպ աճի՝ 30%-ի մասին՝ Հովհաննես Ավոյանն ընդգծեց, որ 2012թ. ոլորտը կարող է ավելի աճել, եթե լուծվեն որոշ խնդիրներ, մասնավորապես մարդկային ռեսուրսների խնդիրը:

«Եթե մենք ունենանք բարձրակարգ ինժեներներ և ծրագրավորողներ, ապա ՏՀՏ ոլորտի աճը կգերազանցի 2011թ. ցուցանիշը»,- նշեց նա և հավելեց, որ ԻՏՁՄ-ն 2012թ. ընդլայնելու է բուհերի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ կարևորվելու է տարբեր բուհերում լաբորատորիաների բացումը:

ԻՏՁՄ-ի՝ ընթացող տարվա նպատակներից մեկն է լինելու Երևանի բոլոր դպրոցներում ռոբոտաշինության խմբակների բացումը: Հովհաննես Ավոյանի խոսքով՝ տարվա նորույթն է լինելու անօդաչու թռչող սարքերի մրցույթի կազմակերպումը:

ԻՏՁՄ-ն շարունակելու է իրականացնել իր մշտական միջոցառումներ՝ ՏՀՏ լիդերների ֆորում-հանդիպումները, «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, էլեկտրոնային առևտրի բնագավառում իրավական դաշտի բարեփոխումների ծրագիրը և այլն:

Ընկերությունը ներկայացրեց նաև իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը: 2011թ. ընկերությունը գրանցել է ավելի քան 107 մլն դրամի հասույթ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 40%-ով: 2011թ. ընկերությունը ստացել է 15 մլն դրամի պետական և ավելի քան 17մլն դրամի դրամաշնորհային և հովանավորչական ֆինանսավորում:

Մեկնաբանել