Facebook-ը կցուցակվի Nasdaq-ում

Facebook խոշորագույն սոցցանցը, որ հաջորդ ամիս ծրագրում է IPO իրականացանել, կցուցակվի Nasdaq-ում, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները։ Facebook-ը և Nasdaq-ը պաշտոնապես դեռ չեն հայտարարել այս մասին։ Նշենք, որ սոցցանցի բաժնետոմսերի ցուցակման համար պայքարում էր նաև Նյու Յորքի ֆոնդային բորսան (NYSE)։

Facebook-ը մտադիր է շուկա դուրս գալիս հաջորդ ամիս։ Փորձագետների կանխատեսմամբ՝ սա կարող է դառնալ բաժնետոմսերի ամենախոշոր տեղաբաշխումը ԱՄՆ-ի պատմության մեջ։ Ներկայում սոցցանցը գնահատվում է մոտ $103 մլրդ, իսկ օգտատերերի թիվը գերազանցում է 845 մլն-ը։

Facebook-ի՝ Nasdaq-ում ցուցակվելու դեպքում վերջինս կարդարացնի տեխնոլոգիական ընկերությունների համար գլխավոր հարթակ լինելու իր համբավը։ Այստեղ են ցուցակված նաև Microsoft-ի, Apple-ի, Intel-ի և Google-ի բաժնետոմսերը։

Հիշեցնենք, որ մարտի վերջին սոցցանցը դադարեցրեց երկրորդական շուկայում իր բաժնետոմսերի վաճառքը՝ բաժնետերերի թիվը հստակեցնելու նպատակով։ Փորձագետների կանխատեսմամբ՝ IPO-ի ընթացքում Facebook-ը կներգրավի մինչև $10 մլրդ:

Սոցցանցի ցուցակման կազմակերպիչներն են Deutsche Bank-ը, Credit Suisse-ը, Citi-ն, Morgan Stanley-ն, J.P. Morgan-ը, Goldman Sachs-ը, Merrill Lynch-ը, Barclays-ը և Allen & Company-ն։