Բուտը 25 տարվա ազատազրկման դատապարտվեց

Նյու Յորքի դաշնային դատարանը 25 տարվա ազատազրկման է դատապարտել ռուս գործարար Վիկտոր Բուտին, որը 2011թ. նոյեմբերին մեղավոր էր ճանաչվել «ահաբեկիչներին զենքի մատակարարման և ԱՄՆ-ի քաղաքացիների ու պաշտոնյաների սպանության նպատակով դավադրության» մեջ։ Բացի այդ՝ նա պետք է $15 մլն-ի տուգանք վճարի։

Բուտը, որին ամերիկյան մամուլն անվանում է «մահավաճառ» և «զենքի բարոն», իր մեղավորությունը չի ճանաչում։ Գործընթացի ողջ ընթացքում պաշտպանությունը պահանջում էր ազատ արձակել Բուտին, իսկ դատախազները՝ ցմահ բանտարկել։

Ռուս գործարարի փաստաբանը խոստացել է բողոքարկել վճիռը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձելու է Բուտին հայրենիք վերադարձնել քաղաքա-դիվանագիտական և իրավական հասանելի բոլոր միջոցներով։

Վիկտոր Բուտը ձերբակալվել էր 2008թ. Թաիլանդում՝ ամերիկյան իշխանությունների պահանջով և արտահանձնվել ԱՄՆ-ին 2010թ. նոյեմբերին։

Մեկնաբանել