Նիկոլ Քիդմանը` Գրեյս Քե՞լլի

Նիկոլ Քիդմանը կնկարահանվի Օլիվյե Դաանի նոր ֆիլմում, որտեղ կմարմնավորի հոլիվուդյան դերասանուհի և Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելլիին, հաղորդում է The Hollywood Reporterը:

Այս նախաձեռնության մասին հայտնի էր դարձել հոկտեմբերին, սակայն դեռևս հայտնի չէին ոչ ռեժիսորի, ոչ էլ գլխավոր դերակատարի անունները:

Արաշ Ամելի սցենարում չկան Գրեյս Քելլիի կյանքի գլխավոր իրադարձությունները` ոչ «Օսկար»-ը «Գյուղացի աղջիկը» ֆիլմի համար, ոչ աշխատանքը Հիչքոքի հետ, ոչ ծանոթությունը Մոնակոյի արքայազնի հետ Կաննի կինոփառատոնի ժամանակ, ոչ նրանց շքեղ հարսանիքը 1956թ., ոչ հետագայում դերասանու հրաժարումը կինոյից և ոչ էլ 1982թ. Գրեյսի ողբերգական մահը:

Ֆիլմը հիմնվելու է 1962թ. մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցող դեպքերի վրա, երբ արքայազն Ռենյե 3-րդի և Շառլ դը Գոլի միջև հակասություններ ի հայտ եկան Մոնակոյի հարկային քաղաքականության հարցի շուրջ: Այս իրադրությունն ի վերջո հարթվեց հենց Գրեյսի միջամտությամբ:

Գրեյս Քելլիի մասին ֆիլմի բյուջեն կազմելու է $15 մլն: