«Անզավակ» ինքնաթիռ. հոգատարություն, թե՞ խտրականություն

Malaysia Airlines ավիաընկերությունն արել է այն, ինչի մասին երազում էին շատերը. այսուհետև այս ավիաընկերության ինքնաթիռներում կլինեն «child-free» (առանց երեխաների) գոտիներ, որտեղ արգելված է լինելու մինչև 12 տարեկան երեխաների մուտքը: Ըստ ամենայնի` այս սրահը մեծ ժողովրդականություն կվայելի:

Լացող և աղմկոտ երեխաները մշտապես առաջին տեղն են զբաղեցրել օդային ճամփորդությունների ժամանակ ամենանյարդայնացնող երևույթների ցուցակում: Մի քանի ժամ տևող թռիչքի ընթացքում երեխաների անդադար լացը կարող են տանել կամ այդ երեխայի ծնողները, կամ` երկաթյա նյարդեր ունեցող մեկը: Հարցումների ընթացքում պարզվել է, որ ավիաընկերությունների հաճախորդների 80%-ը ողջունում է երեխաներ ունեցող ընտանիքների` առանձին սրահում փոխադրվելու գաղափարը: Անշուշտ, կողմ են արտահայտվել այն երիտասարդները, ովքեր դեռևս երեխա չունեն:

Malaysia Airlines-ը որոշել է ընդառաջել իր այն հաճախորդներին, ովքեր պատրաստ չեն առանց այն էլ հոգնեցուցիչ թռիչքի ընթացքում լսել ինչ-որ մեկի լացը: Ավիաընկերության Airbus A380 տեսակի ինքնաթիռներում կառանձնացվի հատուկ սրահ, որի տոմսը չեն կարող գնել 12 տարեկանից ցածր երեխա ունեցող անձնինք:

Ըստ արևմտյան լրատվամիջոցների` Malaysia Airlines-ի այս նորամուծությունը կարող է դառնալ եթե ոչ աղմկահարույց սկանդալի, ապա առնվազն թեժ քննարկումների առարկա, որոնք անխուսափելիորեն ծավալվում են հասարակական վայրերում «կյանքի ծաղիկների» վարքագծի շուրջ:

Մեկնաբանել