ԱՄՆ-ը և Ծոցի երկրները միասնական հակահրթիռային համակարգ կստեղծեն

ԱՄՆը և Ծոցի երկրները միասնական հակահրթիռային համակարգ կստեղծեն

ԱՄՆը և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ 6 երկրները ընդհանուր առմամբ համաձայնության են եկել տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման շուրջ, հայտարարել է Բահրեյնի արտգործնախարար Խալիդ բեն Ահմադ ալ Խալիֆան ճապոնական «Ասահի» պարբերականին տված հարցազրույցում։

«Հակահրթիռային պաշտպանության համակարգը մեր համագործակցության հիմքն է։ Մենք կշարունակենք բանակցությունները ԱՄՆ-ի հետ և հունիսի վերջին վերջնական որոշում կընդունենք»,- ասել է նա։

Ներկայում զենիթահրթիռային Patriot համալիրները տարածաշրջանում տեղակայված են Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ ԱՄՆ-ը ձգտում է հակահրթիռային համակարգի և տեղեկատվության փոխանակման միասնական համակարգ ստեղծել Խորհրդի անդամ բոլոր երկրներում՝ Իրանի շուրջ իրադրության ծայրաստիճան սրման դեպքում նրանց իրանական հրթիռներից պաշտպանելու և տարածաշրջանից նավթի անխոչընդոտ մատակարարումներ ապահովելու համար։

«Մենք Իրանից բացի ուրիշ ոչ մի սպառնալիք չունենք»,- հայտարարել է Բահրեյնի արտգործնախարարը՝ ի պատասխան լրագրողի՝ պոտենցիալ հակառակորդի վերաբերյալ հարցին։ Ահմադ ալ Խալիֆան հավելել է, որ միասնական հակահրթիռային համակարգը պետք է «ճիշտ ազդանշան» դառնա Իրանի համար։

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը միավորում է 6 երկիր՝ Բահրեյն, Քուվեյթ, Օման, Կատար, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս տարվա մարտի վերջին Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ այս երկրների՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությանն ուղղված առաջին ֆորումը։