Հրապարակվել է Լեոնարդո դա Վինչիի գրառումների տետրը

Լեոնարդո դա Վինչի. մարդկային գանգ և կոկորդիլոսի ծնոտ

Վերածննդի դարաշրջանի հանրահայտ նկարիչ և գիտնական Լեոնարդո դա Վինչին դեպի Պավիա քաղաքն իր ճամփորդության ընթացքում մտադիր էր մարդկային գանգ գնել և կոկորդիլոսի ծնոտը նկարագրել: Այս մասին են վկայում նկարչի ձեռքով արված գրառումները, որոնք երեկ հրապարակվել են Մեծ Բրիտանիայում:

Էջերից մեկում թվարկվում են այն իրերը, որոնք 500 տարի առաջ պատրաստվում էր իր հետ վերցնել Լեոնարդո դա Վինչին: Անհրաժեշտ իրերի շարքում նշվում են ակնոցն իր տուփով, սրբիչը, կոշիկի կապերը, ինչպես նաև «ապակու կտոր, վիրահատական գործիք և բժշկական սղոց»:

Փորձագետների կարծիքով` դա Վինչին այս ցուցակը կազմել է մոտավորապես 1510թ.: Նա մեկնում էր Պավիա` մարդու անատոմիան ուսումնասիրելու նպատակով:

Մեծագույն նկարիչն ու գիտնականը մտադիր էր նաև հետազոտել ուղեղային նյութը, նկարագրել փայտփորիկի լեզուն և չափել դիակի մարմինը` վերջինիս մատի օգնությամբ (որպես չափման միավոր):

Չնայած այն հանգամանքին, որ Լեոնարդո դա Վինչին հարյուրամյակների ընթացքում հայտնի էր որպես Բարձր Վերածննդի արվեստի խոշորագույն ներկայացուցիչ, ընդհուպ մինչև 20-րդ դարը նրա անատոմիական հետազոտությունների առաջադեմ նշանակությունն անհայտ էր մնում:

Նկարչի գրառումների տետրն առաջին անգամ հանրության ուշադրությանը կներկայացվի Բուքինգեմյան պալատում բացվող` մեծն իտալացու անատոմիական նկարների ցուցահանդեսի ժամանակ` մայիսի 4-ից մինչև հոկտեմբերի 7-ը: Ենթադրվում է, որ դա Վինչիի նկարներով ալբոմը, որը կազմել են նրա հետևորդները, 17-րդ դարում ձեռք է բերել Կառլոս թագավորը: