2012-ի ամռանը կմեկնարկի «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը

Այսօր՝ ապրիլի 6-ին կայացել է ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը, հայտնում են Սփյուռքի նախարարությունից:

Նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի բազայի վրա նախարարության կողմից ստեղծվող «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը, որը ՀՀ կառավարության 2012թ. գերակա խնդիրներից է:

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանը, հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ի գործունեությանը և այլն:

Ամառային դպրոցում դասընթացներն ընթանալու են 5 ուղղություններով` հայոց լեզվի արագացված ուսուցում, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վերապատրաստում, կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոց, Սփյուռքի լրագրողների վերապատրաստում:

Դպրոցն իր աշխատանքները կազմակերպելու է հունիսի 25-ից  օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում:

«Սփյուռք ամառային դպրոցը» պետք է դառնա ամեն ինչից անկախ, ինքնուրույն ինստիտուցիոնալ կառույց, որը կնպաստի մայրենի լեզվի ուսուցմանը, զարգացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում»,-ընդգծել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: