Հարավային Օսիան նոր նախագահ ունի

Երեկ Հարավային Օսիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկի համաձայն՝ երկրի նախագահ է ընտրվել Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլիովը, որը ստացել է ձայների 54,12%-ը, իսկ նրա մրցակիցը՝ մարդու իրավունքների պաշտպան Դավիթ Սանաքոևը՝ 42,65%-ը։

Տիբիլովը Հարավային Օսիայի ժողովրդին շնորհավորել է կայացած ընտրությունների կապակցությամբ։ «Այսօր ամենակարևորն այն է, որ այս ընտրությունները կայացել են։ Թեև ժողովուրդը հոգնել է, նա իմաստուն է և կարողացավ նախագահ ընտրել։ Ես շնորհավորում եմ բոլորին, ընդ որում՝ ոչ միայն նրանց, որ քվեարկել են Տիբիլովի, այլև Սանաքոևի օգտին»,- ասել է նորընտիր նախագահը։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Սանաքոևն արդեն ընդունել է իր պարտությունը՝ հայտարարելով, թե չի  բողոքարկելու ընտրությունների արդյունքները։ «Մենք ընդունում ենք ընտրությունների արդյունքները և շնորհավորում ենք Տիբիլովին», -ասել է Սանաքոևը։