Իսպանիան փորձում է համոզել ներդրողներին, որ ինքը Հունաստան կամ Պորտուգալիա չէ

Իսպանիան փորձում է համոզել ներդրողներին, որ իրեն անհրաժեշտ չէ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) օգնությունը, ինչպես Հունաստանի, Իռլանդիայի և Պորտուգալիայի դեպքում էր, գրում է բրիտանական The Financial Times-ը։

Ներդրողները չեն վստահում Իսպանիային՝ 2012թ. բյուջեի նախագծի հրապարակումից հետո փոխառությունների արժեքի բարձրացման պատճառով։ Նշենք, որ 2012թ. Իսպանիայի բյուջեի նախագիծը նախատեսում է դեֆիցիտի կրճատում 3,2 տոկոսային կետով՝ ՀՆԱ-ի 8,5%-ից մինչև ՀՆԱ-ի 5,3%-ը։

Իսպանիայի ֆինանսների նախարար Լուիս դե Գինդոսը միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում հստակ ակնարկել է, որ կառավարությունը տնտեսական նոր բարեփոխումներ է պատրաստում, որոնք կօգնեն վերականգնել ներդրողների և եվրոպացի առաջնորդների վստահությունը։ Գինդոսի խոսքով՝ պաշտոնական Մադրիդի հաջորդ քայլը կդառնա առողջապահության և կրթության համակարգերի բարեփոխումը։ Պաշտոնյան պահանջում է նաև շտապ վաճառել պետական երկու բանկերը՝ Banco de Valencia-ն և CatalunyaCaixa-ը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ իսպանական 10-ամյա պետպարտատոմսերի եկամտաբերությունը կազմել էր տարեկան 5,844%, ինչը առավելագույն ցուցանիշն է անցած տարվա դեկտեմբերից ի վեր։  

Ակնկալվում է, որ երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը կարագացնի բյուջետային կայունության մասին օրենսդրական ակտի ընդունման գործընթացը, որի նպատակն է կայունացնել պետական ֆինանսները և մինչև 2020թ. բյուջեի դեֆիցիտը հասցնել զրոյական մակարդակի։ Ակտը, ամենայն հավանականությամբ, կընդունվի այս շաբաթ։