Եգիպտոսում 23 մարդ գրանցվել է՝ որպես նախագահի թեկնածու։ Այս մասին հայտնել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընդունման ավարտից հետո։
Այս թվերը, սակայն, վերջնական չեն և կարող են փոփոխվել։ Երկու օրվա ընթացքում ԿԸՀ կարելի կլինի բողոք ներկայացնել այս կամ այն թեկնածուի դեմ։ Հանձնաժողովն իր հերթին կարող է ընտրարշավից հեռացնել թեկնածուներից որևէ մեկին։ Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի ապրիլի 26-ին, որից հետո կսկսվի նախընտրական արշավը։
Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած «Մուսուլման եղբայրներ»-ը միանգամից մի քանի թեկնածու են առաջադրել։ Սակայն գլխավոր հավակնորդը կազմակերպության փոխնախագահ և ֆինանսիստ Խայրաթ աշ Շատիրն է, որը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք երկար տարիներ բանտում է անցկացրել։ Վերջին հանգամանքի պատճառով նրա թեկնածությունն առայժմ հարցականի տակ է։ Հատկանշական է, որ «Եղբայրներ»-ն ավելի վաղ հայտարարել էին, թե նախագահական ընտրություններում իրենց թեկնածուին չեն առաջադրելու։
Կասկած է հարուցում նաև սալաֆիականների թեկնածու Հազեմ Սալահ Աբու Իսմայիլի մասնակցությունը ընտրություններում․ նրան կարող են ոչ միայն ընտրարշավից հեռացնել՝ կապված մոր երկքաղաքացիության հետ, այլև դատի տալ փաստաթղթերի կեղծման համար։
Նախագահական ընտրություններում աշխարհիկ ուժերին, ի թիվս այլոց, կներկայացնեն Եգիպտոսի նախկին փոխնախագահ և Ընդհանուր հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանը, Արաբական պետությունների լիգայի նախկին ղեկավար և Եգիպտոսի նախկին արտգործնախարար Ամր Մուսան, Եգիպտոսի նախկին վարչապետ և կադրային զինվորական Ահմադ Շաֆիկը։
Ընտրություններում Ընդհանուր հետախուզության նախկին ղեկավարի մասնակցությունը Խայրաթ աշ Շատիրն անվանել է «վիրավորանք հեղափոխությանն ու եգիպտացի ժողովրդին»։ «Նա Մուբարաքի վարչակարգի գլխավոր ֆիգուրներից մեկն է և նա այն հավատարիմ մարդն էր, որին Մուբարաքն այդ դժվարին պահին իրեն փոխնախագահ ընտրեց»,- ասել է Աշ Շատիրը։
Տասնյակ քաղաքական կուսակցություններ ու շարժումներ սպառնացել են «երկրորդ հեղափոխություն» սկսել, եթե ընտրություններում հաղթի Օմար Սուլեյմանը։
Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանաված է մայիսի 23-24-ին։ Նախագահական այս ընտրություններն առաջինը կլինեն 2011թ․ փետրվարին Հոսնի Մուբարաքի պաշտոնաթողությունից հետո։