Իմ հիմնական մրցակիցը ռեժիմն է. Վլադիմիր Կարապետյան

«Իմ առաջադրումը պայմանավորված է երկու գործոնով: Նախ՝ սա ՀԱԿ-ի որոշումն է հնարավորինս շատ ընտրատարածքներում առաջադրել թեկնածուներ՝ ջարդելու ընտրակեղծիքները և ապացուցելու, որ ունակ ենք պայքարելու գործող ռեժիմի դեմ»,- այսպես իր առաջադրումը այսօր մամլո ասուլիսին մեկնաբանեց Նոր Նորքի 2-րդ ընտրատարածքում առաջադրված ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը:

«Երկրորդ, ես ցանկանում են պատգամավոր-բնակիչ հարաբերությունների նոր մշակույթ ստեղծել: Իմ անձնական կայքում հրապարակել եմ հեռախոսիս համարը, որն առաջիկա հինգ տարում չի փոխվելու: Ունեմ մշտական գործող գրասենյակ, որը բաց է բոլոր քաղաքացիների համար»,- հավելեց նա:

Խոսելով նույն ընտրատեղամասում թեկնածությունն առաջադրած ՀՀԿ ներկայացուցիչ ու միակ մրցակից Սամվել Ֆարմանյանի մասին՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ այսօր իր հիմնական մրցակիցը ռեժիմն է, և որ իր հակառակորդին դիտում է որպես ռեժիմի մաս:

«Ես անելու եմ հնարավորին ամենը՝ վերահսկելու ընտրակեղծիքները: Ընդդիմադիր ուժերի հետ միասին մենք կբռնենք ընտրակեղծողի ձեռքը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը և հայտնեց, որ պատրաստ է Սամվել Ֆարմանյանի հետ բանավեճի դուրս գալու:

Վլադիմիր Կարապետյանի խոսքով ՀԱԿ-ի կարգախոսը՝ «Ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին», համընկնում է իր կարգախոսին:

Մեկնաբանել