Գերմանիայում անվճար կբաժանվի Ղուրանի 25 մլն օրինակ

«Կարդա՛» նախագծի նախաձեռնությունը գերմանացի սալաֆիական Իբրահիմ Աբու Նագիինն է։ Ինքը՝ Իբրահիմը, նախագծի նպատակ է համարում այն, որ գերմանական ամեն մի տանը պետք է Ղուրանի օրինակ հայտնվի։ Սալաֆիականը վստահեցնում է, որ այդպիսով ինքը փորձում է իր գերմանացի հարևաններին «ճիշտ հավատի» դարձնել։

Սալաֆիականները Աբու Նագիի ղեկավարությամբ արդեն ավելի քան 100 տեղեկատվական կենտրոն են ստեղծել Գերմանիայի տարբեր երկրամասերում, առաջին հերթին՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում, Ստորին Սաքսոնիայում, Հեսենում, Համբուրգում։ Նրանք գերմանացի մուսուլմաններին կոչ են անում գնել Ղուրանի մեկ օրինակ՝ կարմիր կազմով, այդպիսով վճարելով գերմանացի ոչ մուսուլմանների համար նախատեսված օրինակի փոխարեն։

Ներկայում Աբու Նագիին ու նրա համախոհներին հաջողվել է տարածել Ղուրանի մոտ 300 հազ. գերմաներեն օրինակ։ Սալաֆիականի խոսքով՝ գրքերը ոչ միայն ուղարկվում են մասնավոր անձանց փոստով կամ բաժանվում փողոցներում, այլև տարածվում են բանտերում, դպրոցներում և անգամ մանկապարտեզներում։

Գերմանական հատուկ ծառայությունների կարծիքով՝ այս նախագիծն ուղղված է մուսուլման արմատականների համար նոր անդամների հավաքագրմանը։

Մեկնաբանել