ՀՅԴ-ն խոստանում է կրկնապատկել, եռապատկել, քառապատկել …

Այսօր ՀՅԴ-ն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը։ Сivelnet.am-ին ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ միայն 2013թ. ծրագրվում է բյուջեի եկամուտներն ավելացնել Դ350 մլրդ-ով, իսկ մինչև 2017-ը՝ մոտ Դ2 տլրն-ով։ Բյուջեի եկամուտների ապահովման հիմնական աղբյուրներ են լինելու հարկեր/ՀՆԱ ցուցանիշի ավելացումը՝ տարեկան միջինը 2 տոկոսային կետով՝ 2017թ. այն հասցնելով 30%-ի, ինչպես նաև պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում ակնկալվող եկամուտները։

Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ այսօր մեկ ձեռնարկության հարկային բեռը կազմում է միջինը 41,5%, այն դեպքում, երբ բյուջեի հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը՝ միջինը 18%։ Վերջին այս հանգամանքը նշանակում է, որ հարկային մուտքերը թերակատարվում են շուրջ 30%-ով, և անգամ առանց հարկային բազայի փոփոխություն առկա է հարկահավաքման ներուժ։ «Միջազգային փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանն ունի հարկերի հավաքագրման Դ180 մլրդ-ի պոտենցիալ»,- շեշտեց Մինասյանը։

Ըստ Մինասյանի՝ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ծախսային մասը կազմելիս ֆինանսավորման աղբյուր է ընդունվել այն, որ Հայաստանում ստվերային տնտեսության ծավալը կազմում է ՀՆԱ-ի 20%-ը, ինչը գումարային արտահայտությամբ կազմում է մոտ Դ850 մլրդ։ «Վարելու ենք ստվերի համամասնական կրճատման քաղաքականություն, բայց դա չի նշանակում որ 2017թ. ընդհանրապես ստվեր չի լինի։ Մենք ողջամտության սահմաններում պատկերացնում ենք, որ 2017թ. կունենանք մինչև ՀՆԱ-ի 10% ստվեր»,- նշեց Մինասյանը։

Դաշնակցությունը գտնում է, որ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների արդյունավետ կառավարման արդյունքում պետբյուջեի եկամուտները հնարավոր է ավելացնել ևս Դ200 մլրդ-ով։ Ընդհանուր առմամբ, ըստ Արծվիկ Մինասյանի, Հայաստանում առկա է Դ400 մլրդ-ի եկամուտների պոտենցիալ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն ծրագրում է աղքատության շեմ ընդունել կենսաապահովման նվազագույն բյուջեն՝ 2012թ. համար սահմանելով այն Դ63 հազ. մակարդակում, ներկայիս Դ33,5 հազ-ի փոխարեն։ Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակը բարձրացնել մինչև Դ62 հազ. (ներկայիս Դ31,2 հազ-ի դիմաց)։ «Հանրային ծառայողների համար կսահմանվի աշխատավարձի միասնական բազային դրույքաչափ՝ մոտ Դ76 հազ., ներկայիս Դ40 հազ. փոխարեն»,- ասաց Համբարձումյանը։

Ուշագրավ է, որ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի իրականացումից ամենից շատ կշահեն ուժային կառույցների և առողջապահության ոլորտի աշխատակիցները. ազգային անվտանգության, պաշտպանության, ոստիկանության և առողջապահության ոլորտի աշխատակիցների աշխատավարձը նախատեսված է սահմանել միջին աշխատավարձի քառապատիկի չափով (շուրջ Դ500 հազ.)։