Բանկերում մարժան չպետք է գերազանցի երեքից չորս տոկոսը

Ըստ նրա՝ ներկայում ԿԲ-ն ֆինանսական իր գործիքակազմը օգտագործում է հիմնականում ֆինանսական կառույցներին, այլ ոչ թե տնտեսությանը օժանդակելուն։ Կարգավորիչի գործառույթներն անհարժեշտ է փոխանցել առանձին անկախ հանձնաժողովի, ինչպես դա արվում է զարգացած մի շարք երկրներում։

Մինասյանի կարծիքով՝ գնաճի թիրախավորման քաղաքականությունում անհրաժեշտ է հրաժարվել 12-ամսյա գնաճից ու անցում կատարել միջին գնաճի թիրախավորման քաղաքականության։ «ԿԲ-ի և այլ պետական մարմինների համար գնաճի թիրախային ցուցանիշից 50%-ով շեղվելու դեպքում օրենքով պատասխանատվություն կամրագրվի»,- ասաց Մինասյանը։

Civilnet.am-ի հարցին՝ եթե ՀՅԴ-ն ծրագրում է վարկավորման տոկոսադրույքները իջեցնել մինչև 8-10%, ապա որքան պետք է լինի ավանդերի տոկոսադրույքը, Մինասյանը ասաց, որ այսօր ավանդների և վարկերի տոկոսադրույքների միջև առկա է մոտ 10%-անոց մարժա։ «Մեր խնդիրն է, որ իջեցվեն ոչ միայն վարկերի տոկոսադրույքները, այլև կրճատվի մարժան, որը հավասար կլինի՝ վճարունակության ռիսկ գումարած բանկի շահույթի։ Մեր գնահատմամբ այդ մարժան չպետք է գերազանցի 3-4%-ը»,- նշեց Մինասյանը։

Հարցին, թե այդ դեպքում ՀՅԴ-ում ինչպե՞ս են պատկերացնում բանկերի գործունեությունը, եթե այսօրվա մարժայի դեպքում բանկերի ROE-ն (կապիտալի եկամտաբերության մակարդակը) կազմում է 12,55%, իսկ ROA-ն (ակտիվների շահութաբերության մակարդակը)՝ 2,36 %, Մինասյանը արձագանքեց, թե Հայաստանում, որպես կանոն, խոշոր կապիտալի տերերը չեն պատրաստվում ներդրումներ կատարել տնտեսության ցածր եկամտաբերության ճյուղերում։

«Կան պետական պարտատոմսեր, որոնց համար պետությունը պատրաստ է տարեկան 10-12% եկամտաբերությամբ միջոցներ ներգրավվել, մյուս կողմից՝ բանկերը պատրաստ են այդ նույն տոկոսադրույքներով վերցնել այդ միջոցները և ավելի բարձր տոկոսներով տեղաբաշխել։ Այս ամենը բերում է նրան, որ ֆինանսական ռեսուրսներ ունեցողները մտածում են՝ ինչու ավանդները ուղղել գյուղատնտեսության վարկավորման, եթե կարելի է ներդնել պետական պարտատոմսերում»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, թե անհրաժեշտ է վերանայել նաև պետական պարտատոմսերի տեղաբաշխման սկզբունքները։

Ըստ Մինասյանի՝ պետական պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակ պետք է գործի բորսակայան համակարգը, բորսան պիտի ավելի ազատականացվի, որպեսզի տեղաբաշխմանը մասնակցեն թվով ավելի շատ դիլերներ, և ոչ թե ընդամենը մի քանի դիլեր՝ ինչպես այսօր է։ «Այսօր պետական պարտատոմսերի շուկայում այդ մի քանի խաղորդներն են թելադրում խաղի կանոնները։ Նախ պետք է իջեցվի պետության կողմից տեղաբաշխվող պարտատոմսերի եկամտաբերությունը»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, թե ԱԺ ընտրություններում հաղթելու դեպքում ՀՅԴ-ն նախատեսում է պետական պարտատոմսերի եկամտաբերությունը իջեցնել մինչև 6%-ի՝ ներկայիս 11-12%-ից։

Մեկնաբանել