Facebook-Instagram գործարքը՝ փորձագետների աչքերով

«Նրանք հասկանում են, որ աշխարհն անցնում է բջջային ենթակառուցվածքի։ Նրանց ծառայությունները պետք է հնարավորինս հաջողակ լինեն բջջային հարթակում՝ պարզ օգտագործման և մոնետիզացման տեսանկյունից»,- նշում է eMarketer մարքեթինգային ընկերության վերլուծաբան Դեբրա Ուիլյամսոնը։

Սոցցանցը, որ մայիսին պատրաստվում է IPO անցկացնել, որևէ կերպ չի մոնետիզացնում իր բջջային ծառայությունները, որոնցից օգտվում է ավելի քան 425 մլն մարդ։ Մյուս կողմից՝ բաժնետոմսերի հանրային տեղաբաշխման նախօրեին ընկերությունները ներդրողներին պետք է ներկայացնեն իրենց եկամուտների աղբյուրների բազմազանությունը։

«IPO-ից հետո Facebook-ը գիշատիչի դիրք կզբաղեցնի։ Նրանք պետք է համոզվեն, որ որևէ մեկը կանգնած չէ նրանց ճանապարհին, և գնեն բոլոր նրանց, ով կհայտնվի նրանց ճանապարհին»,- Business Week-ին պարզաբանել է Wedbush Securities-ի վերլուծաբան Մայքլ Փետչերը։

Reuters-ի կողմից հարցված փորձագետները կարծում են, որ Facebook-ը «արտասովոր» գին է վճարել Instagram-ի դիմաց՝ գնահատելով միայն բրենդի արժեքը և ծառայությունից օգտվողների հավատարմությունը։ The Next Web-ի բլոգերները, իրենց հերթին, հաշվել են, որ Facebook-ը Instagram-ը գնել է՝ $33՝ յուրաքանչյուր օգտագործողի դիմաց հաշվարկից ելնելով։

Gartner-ի վերլուծաբան Ռեյ Վալդեսի կարծիքով՝ այս դեպքում արագ զարգացող մրցակցի գնումը, որը սակայն չունի բիզնես մոդել ու եկամուտ, և սովորաբար տարածվում է անվճար, Facebook-ի համար չի կարող դառնալ շուկայական մասնաբաժինն ընդլայնելու փորձ։

Instagram-ի հետ գործարքը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գնահատել է որպես կարևոր փուլ սոցցանցի համար։ Նրա խոսքով՝ առաջին անգամ գնվել է այնպիսի արտադրանք, որն այդքան մեծ ժողովրդականություն է վայելում օգտատերերի շրջանում: Նշենք, որ օրական Instagram է ներբեռնվում ավելի քան 5 մլն լուսանկար: Ծառայությունից օգտվողները մինչ այսօր ավելի քան 1 մլրդ լուսանկար են փոխանակել:

Մեկնաբանել