Ավարտվել է Windows Vista օպերացիոն համակարգի «կյանքի» հիմնական փուլը

Microsoft ընկերությունն իր յուրաքանչյուր արտադրանքի համար կյանքի տևողության երկու փուլ է սահմանում՝ հիմնական և երկարացված: Այսօր՝ ապրիլի 10-ին ավարտվեց 2007թ-ին թողարկված Windows Vista օպերացիոն համակարգի և Office 2007 ծրագրային փաթեթի «կյանքի» հիմնական փուլը, հաղորդում է itnews.com-ը:

Սա նշանակում է, որ կարևոր թարմացումներն օգտագործողներին հասանելի են լինելու ևս հինգ տարի, սակայն նոր թարմացուներ չեն մշակվելու:

Պետք է նշել, որ Windows Vista-ն չկարողացավ դառնալ նույնքան ճանաչված կորպորատիվ հաճախորդների շրջանում, որքան դրան նախորդող տարբերակը՝ Windows XP-ն: Net Applications ընկերության տվյալներով, Windows XP-ն մինչ օրս շարունակում է մնալ առաջատար: Windows օգտագործողների 47%-ն օգտագործում է Windows XP, իսկ երկրորդ տեղում Windows 7-ն է՝ 38% օգտագործողներով: Vista-ն ետ է մնում ընդամենը 8% օգտագործողներով:

Դե իսկ Windows XP օպերացիոն համակարգի և Office 2003 ծրագրային փաթեթի «կյանքի» հիմնական փուլն ավարտվելու է 2014թ-ին:

Մեկնաբանել