Վերահսկողը կառուցողից ավելի շուտ հայտնվեց

Երեկ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային «ԾԻԿ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է բելգիական «Safege» և իսպանական «Eptisa» ընկերությունների համատեղ ձեռնարկությանը հրավիրել պայմանագրային բանակցությունների:

Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ նիստում խորհուրդը հաստատել է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2012 թ-ի առաջին և երկրորդ տրանշերի ամփոփ նախահաշիվները։

Նշենք, որ անցած տարի՝ նոյեմբերի վերջին, բացվել էին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհդատուի ընտրության` տեխնիկական առաջարկների փաթեթները: Ընդհանուր առմամբ, խորհրդատուի տեխնիկական առաջադրանքների փաթեթներ ներկայացրել էր 4 ընկերություն, թեև ցանկություն էր հայտնել 21- ը։ Հաղթող ընկերությունը պետք է իրականացնի ճանապարհի շինարարական աշխատանքների վերահսկողություն, օժանդակի շինկազմակերպությանը՝ կազմելու ֆինանսական փաստաթղթեր, որոնք ներկայացվում են ԱԶԲ-ին, ինչպես նաև վերապատրաստի հայ մասնագետների։

Նշենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի՝ երկարությունը 556 կմ, շինարարության համար 2009թ.ԱԶԲ հատկացրել է $500 մլն (32 տարով, որից 8 տարին՝ արտոնյալ ժամկետով` 1% տոկոսադրույքով, հետագայում՝ 1,5%), իսկ կառավարության համաֆինանսավորումը $462մլն է։ Շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2017թ. վերջը։ Առ այսօր ծրագիրն ըստ էության չի սկսվել։ Թեև անցած տարվա հոկտեմբերին բացվել էին «Ծրագիր 1» և «Ծրագիր 2»-ի շրջանակում ճանապարհաշինական աշխատանքների ընկերությունների մրցութային փաթեթները (ներկայացրել էր 6 ընկերություն՝ 4 չինական և 2 իսպանական), առ այսօր հաղթող ընկերության անունն այդպես էլ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը ասել էր, որ ճանապարհաշինական աշխատանքները կսկսվեն արդեն ապրիլին։ Նշենք, որ «Ծրագիր 1» և «Ծրագիր 2»-ի շրջանակում պետք է ընդհանուր առմամբ վերակառուցվի ու վերանորոգվի 80 կմ։ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածների վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին հատվածը պետք է վերակառուցվի մինչև 2014թ.։

Մեկնաբանել