Ներկայացվել է Թ․ Հակոբյանի «Հայացք Արարատից» գիրքը

Այսօր կայացավ լրագրող Թաթուլ Հակոբյանի «Հայացք Արարատից» գրքի շնորհանդեսը: Հաղինակն այն սկսել է գրել դեռ ութ տարի առաջ:

«Հայացք Արարատից» գիրքը պատմում է հայ թուրքական հարաբերությունների մասին, բաղկացած 3 հիմնական բաժիններից: Առաջին մասն անդրադառնում է Հայաստանի առաջին հանրապետությանը և Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին, երկրորդում ներկայացվում են «սառը պատերազմի» տարիները, երբ Հայաստանը Խորհրդային Միության կազմում էր: Գրքի 3-րդ մասում պատմվում է 1988թ-ից մինչ օրս Հայաստանի անկախության տարիների մասին: «Հայացք Արարատից»-ի առաջաբանում Թաթուլ Հակոբյանը ներկայացնում է նաև Արևմտյան Հայաստանում իր անցկացրած օրերը:

«Հայացք Արարատից» գիրքը «Արցախյան օրեր» գրքի 2-րդ մասն է: Այն հասանելի է թե՛  արևելահայերենով, և թե՛ արևմտահայերենով, շուտով  նաև՝ անգլերեն լեզվով:

Թաթուլ Հակոբյանի տեղեկացմամբ՝ «Արցախյան օրեր»-ը թարգմանվել է արաբերեն և առաջիկա օրերին Լիբանանում, Բեյրութում ու Կահիրեում կայանալու է այդ լեզվով գրքի շնորհանդեսը: Լրագրողը նաև նշեց, որ առաջիկա 10 տարիներին նախատեսում է գրել ևս երեք գիրք, որտեղ ներկայացնելու է 1988թ-ից ի վեր հայաստանյան իրականությունը: «Որքան հնարավոր է՝ անկողմնակալ եմ ներկայացնելու մեր օրերի պատմությունը, որը կեղծվում է»,-հավելեց նա: