ՀՀ Վերահսկիչ պալատը հերքում է ՀՅԴ ներկայացուցչի տեսակետը

ՀՀ Վերահսկիչ պալատի մամլո ծառայությունը հերքում է ապրիլի 9-ին ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հնչեցրած տեսակետը։ «Ի՞նչ է անում Վերահսկիչ պալատը, պատվեր է կատարում՝ նախագահի կողմից, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմությունից»,-ասել էր նա:

ՀՀ ՎՊ-ն հայտնում է, որ Վերահսկիչ պալատը իր գործունեության չորս տարիների ընթացքում որևէ պատվեր, որևէ մեկի կողմից չի կատարել:

«Հանրապետության նախագահը երբևիցե չի միջամտել Վերահսկիչ պալատի աշխատանքներին և որևէ պատվեր Վերահսկիչ պալատին չի իջեցրել: Վերահսկիչ պալատը անկախ կառույց է, ինչպես աշխարհի բոլոր վերահսկիչ պալատները: ՎՊ-ի տարեկան ծրագիրը հաստատում է ՀՀ Ազգային ժողովը` համաձայն «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի: ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ներկայացուցիչները, ի դեպ, միշտ կողմ են քվեարկել ընդունված ծրագրերին: Վերահսկիչ պալատի չորս տարվա կատարած վերահսկողության արդյունքների վերաբերյալ բոլոր հաշվետվությունները հրապարակվել են, և բոլորը տեղադրված են պալատի պաշտոնական կայքում: Վերահսկիչ պալատը, հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանը և զերծ մնալով հնարավոր քաղաքական շահարկումներից, ժամանակավորապես` մինչև հունիսի 1-ը, դադարեցրել է վերահսկողությունը և հանդես չի գա հրապարակային հայտարարություններով»,- նշվում է Վերահսկիչ պալատի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել