Ադրբեջանը մինչև 2025թ․ կկրկնապատկի գազի արդյունահանումը

Ադրբեջանը մտադիր է մինչև 2020թ արդյունահանել 30 մլրդ խմ գազ, իսկ մինչև 2025թ՝ 50 մլրդ խմ, հայտարարել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը։ 2011-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջանն արդյունահանել է 26 մլրդ խմ գազ։

2004-ից ի վեր՝ Ադրբեջանը գազի արդյունահանումն ավելացրել է մոտ 5,2 անգամ, նշել է Աբդուլաևը։ Ադրբեջանական խոշորագույն հանքավայր Շահ-Դենիզի պաշարները գնահատվում են 1,2 տրլն խմ գազ և 240 մլրդ խմ գազային կոնդենսատ։ Աբդուլաևի խոսքով՝ մինչև 2017թ․ այս հանքավայրից տարեկան կարդյունահանվի 16 մլրդ խմ վառելիք։

SOCAR-ի նախագահն ադրբեջանական հեռանկարային հանքավայրերի թվում առանձնացրել է Ումիդը, Բաբեկը, Աբշերոնը։

Նշենք, որ SOCAR-ը Ադրբեջանի գազային պաշարները գնահատում է 4,5 մլրդ տ (1 տ-ն ներառում է մոտ 1,4 հազ․ խմ գազ)։ Աբդուլաևի խոսքով՝ ներկայում Ադրբեջանում գործում է միջազգային 50 ընկերություն, որոնք գազ են արդյունահանում մոտ 40 հանքավայրից։

Ադրբեջանական գազի հիմնական ներկրողներն են Թուրքիան և Վրաստանը, ինչպես նաև Եվրոպան։