Քրդերն անջատվում են Իրաքի վարչապետից

Իր սպառնալիքները Մասուդ Բարզանին հնչեցրել է ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ բանակցություներ է վարել նախագահ Բարաք Օբամայի հետ:

Նրա խոսքով՝ Իրաքի վարչապետը փորձում է մենաշնորհել իշխանությունը և հող է նախապատրաստում բռնապետության վերականգնման համար։ Քրդերի առաջնորդը վրդովմունք է արտահայտել այն կապակցությամբ, որ կառավարության ղեկավարը փաստացի իրեն է ենթարկել ուժային բոլոր կառույցները։

Բարզանին ծրագրում է անհապաղ հրավիրել համազգային համագումար՝ երեք հիմնական համայնքների մասնակցությամբ՝ շիական (որը ներկայացնում է Նուրի ալ Մալիքին), սուննիական և քրդական։ Հանդիպման նպատակն է «ձեռնարկել արմատական միջոցառումներ, որոնք երկրին թույլ կտան հաղթահարել ամենասուր քաղաքական ճգնաժամը»։ Եթե Ալ Մալիքին արհամարհի համագումարը, Մասուդ Բարզանին կհրաժարվի ճանաչել նրան՝ որպես կառավարության օրինական ղեկավար։ Իսկ հաջորդ քայլը կլինի հանրաքվեն Քրդական Ինքնավարությունում։ «Սա շանտաժ չէ։ Մենք երբեք չենք համաձայնի բռնապետության վերականգնման հետ, ինչ գին էլ որ ստիպված լինենք վճարել»,- նախազգուշացրել է Բարզանին։

Իրաքից հնարավոր անջատման մասին նա ուղղակիորեն չի նշել, սակայն փորձագետները վստահ են՝ եթե քրդերը հանրաքվե անցկացնեն, օրակարգում հենց այդ խնդիրն է լինելու։ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը փաստացի արդեն իսկ գոյություն ունի՝ որպես անկախ պետություն։ Հաջորդ քայլը կարող է լինել միայն պաշտոնական անջատումը։

Բաղդադի համար սա ծանրագույն հարված կլինի և՛ քաղաքական, և՛ տնտեսական տեսանկյունից։ Քրդական շրջաններում արդյունահանվում է իրաքյան նավթի մինչև 60%-ը։ Բացի այդ՝ որոշ շրջաններ, օրինակ՝ Քիրքուք քաղաքի նավթով հարուստ շրջակայքը, վիճելի են համարվում՝ այնտեղ ապրում են և՛ քրդեր, և՛ արաբներ, և՛ թուրքմեններ։ Քրդստանի անջատման դեպքում այնտեղ կարող են միջէթնիկական բախումներ սկսվել։

Քրդական անջատողականության խնդիրը լուծել ռազմական ճանապարհով Նուրի ալ Մալիքիի համար հեշտ չի լինի։ Քրդերն ունեն իրենց զինված խմբավորումները, որոնք ի վիճակի են հետ մղելու իրաքյան բանակին։

Քրդական անկախության ճանապարհին գլխավոր խոչընդոտն ավանդաբար համարվել է ԱՄՆ-ը։ Նրան ձեռնտու չէր Իրաքի մասնատումը, որտեղ մինչև վերջերս գտնվում էին ամերիկյան զորքերը։ Բացի այդ՝ Իրաքյան Քրդստանի անջատումը լուրջ ճգնաժամ կհրահրեր Թուրքիայում, որը Վաշինգտոնի դաշնակիցն է ՆԱՏՕ-ում Անկարան քրդերի դեմ պայքարում է արդեն 30 տարի։
Սակայն այժմ ԱՄՆ-ը իր մոտեցումը վերանայելու որոշ պատճառներ ունի։ Նուրի ալ Մալիքին ավելի ու ավելի հաճախ իրեն դրսևորում է ոչ թե որպես դաշնակից, այլ անկանխատեսելի ավտորիտար առաջնորդ, որը չի ցանկանում հաշվի նստել Վաշինգտոնի հետ։ Սրա ապացույցն է և՛ այն, որ Իրաքի վարչապետը սերտ կապեր է պաշտպանում հավատակից շիաների հետ Թեհրանում, և՛ հատուկ դիրքորոշումը, որը նա որդեգրել է Սիրիայի հարցում։ Շատ փորձագետների կարծիքով՝ հենց Իրաքում էլ Ալ Մալիքին վտանգավոր քաղաքականություն է իրականացնում․ նա փաստացի բախումներ է հրահրում շիա և սուննի արմատականների միջև, իսկ աշխարհիկ, լիբերալ կուսայցություններին ցուցադրաբար արհամարհում է՝ դուրս թողնելով նրանց քաղաքական գործընթացից։

Ըստ վարկածներից մեկի՝ ԱՄՆ-ը ցանկանում է քրդական հարցն օգտագործել որպես լծակ Իրաքի վարչապետի վրա ճնշում գործադրելու համար՝ նրանից զիջումներ կորզելով իրանական և սիրիական հարցերում։ Մեկ այլ վարկածով՝ Իրաքյան Քրդստանի անկախությունը ԱՄՆ-ի ծրագրերի մեջ չի մտնում, սակայն մինչև որոշ ժամանակ նա չի զսպի Բարզանիի ու նրա համախոհների «անջատողական ձգտումները»։

Համաձայն մեկ այլ վարկածի՝ ԱՄՆ-ը ազդանշան է ուղարկում ոչ այնքան Բաղդադին, որքան Անկարային։ Ամերիկացիներն այնքան էլ գոհ չեն դիրքորոշմամբ, որը որդեգրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի հարցում։ Վաշինգտոնը վստահ չէ, որ իրանական միջուկային օբյեկտների հարվածի դեպքում ինքը կկարողանա ապավինել Անկարայի աջակցությանը։ Դժգոհության մեկ այլ առիթ է Էրդողանի կոնֆլիկտը տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից Իսրայելի հետ։ Շահարկելով քրդական խաղաթուղթը՝ ամերիկացիները Թուրքիային հասկացնում են, թե նա ինչ ռիսկի է դիմում՝ վարելով չափազանց ինքնուրույն քաղաքականություն։

Մեկնաբանել