Հունաստանը զրկվեց իրանական նավթից

Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումը Հունաստանին։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ռուստամ Կաշեմին, հաղորդում է AFP գործակալությունը։ Ըստ նախարարի՝ դա պայմանավորված է Եվրամիության կողմից իրանական ածխաջրածինների նկատմամբ սահմանված էմբարգոյով։

Կաշեմիի խոսքով՝ ներկայում Իրանը նավթի և նավթամթերքների վաճառքի հարցում դժվարություններ չունի։ Անցած շաբաթ Կաշեմին հայտարարել էր, թե Իրանը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ առնվազն $30 մլրդ-ի  ներդրում կատարել նավթագազային ոլորտի զարգացման՝ այդ թվում՝ Հարավային Փարս խոշոր հանքավայրի շահագործման մեջ ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ԱՄՆ-ը և ԵՄ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեցին՝ մեղադրելով Թեհրանին միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ։ Ըստ այդ պատժամիջոցների՝ դադարեցվում է համագործակցությունը իրանական բանկերի հետ, էմբարգո է սահմանվում իրանական նավթի արտահանման նկատմամբ։

Իրանն արտադրում է տարեկան 3,5 մլն բարել նավթ։ Իրանական նավթի արտահանման տարեկան ծավալը մինչև 2,5 մլն բարել է։