Եգիպտոսում լուծարել են սահմանադրական հանձնաժողովը

Եգիպտոսի վարչական դատարանը ճանաչել է երկրի նոր Սահմանադրության մշակման հանձնաժողովի, որը ձևավորվել էր խորհդարանական մեծամասնությունից, ոչ լեգիտիմությունը։ Դատարանը բավարարել է 60 իրավաբանների ու մասնագետների ներկայացրած հայցերը և այն լուծարելու մասին որոշում կայացրել։

Հանձնաժողովի ձևավորումը լուրջ տարաձայնություններ էր առաջացրել Եգիպտոսի հասարակությունում։ Այն 75%-ով կազմված էր «Մուսուլման եղբայներից» ու սալաֆիականներից։ Լիբերալները, իրավագիտության ոլորտի փորձագետներն ու այլ կոնֆեսիաների ներկայացուցիչները փոքրամասնությունում էին հայտնվել։ Նրանք բողոքել էին՝ ընդդեմ իսլամիստների՝ հանձնաժողովը մենաշնոհրելու դեմ՝ վստահեցնելով, որ նման հարբերակցությամբ հանձնաժողովը կկենտրոնան շարիաթի ուղղությամբ և Եգիպտոսը կվերածի խորհրդարանական հանրապետության, որտեղ օրենսդիր մարմինը ունի բացառիկ լիազորություններ ու կառավարություն ձևավորելու իրավունք, իսկ նախագահը անվանական ֆիգուր է։

Հանձնաժողովի կազմից նախ դուրս էին եկել Ալ Ազհարի համալսարանի հեղինակավոր գործիչները, ապա նրանց օրինակին հետևել էին ղպտիական ու կաթոլիկ եկեղեցիների, Սահմանադրական դատարանի ու լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչները։

Իսլամիստները վերջնագրի տեսքով լիբերալներին տվել էին մեկ շաբաթ, որպեսզի նրանք փոխեն իրենց դիրքորոշումը Սահմանադրության հարցում։ Չնայած իր ոչ ամբողջական կազմին՝ սահմանադրական հանձնաժողովը՝ Ազգային ժողովի ստորին պալատի խոսնակ, իսլամիստ Սաադ ալ Քաթաթնիի նախագահությամբ, սկսել էր աշխատել մարտի 28-ին։

Եգիպտոսի Սահմանադրության գործողությունը դադարեցվել է 2011թ հեղափոխությունից հետո։